Զարգացման ծրագրեր

Յուրաքանչյուր ընկերություն իր գործունեությամբ ազդեցություն է ունենում ոչ միայն իր արդյունքների, այլ նաև երկրի տնտեսության վրա: Հայաստանում տնտեսական ակտիվությունը կենտրոնացած է Երևան քաղաքում, ինչը խոչընդոտում է երկրի տարբեր շրջանների հավասար զարգացմանը: Մենք հավատում ենք, որ տնտեսական և սոցիալական կայունության գրավականը տնտեսության բնականոն զարգացման և դինամիկ բիզնես միջավայրի ստեղծումն է: Այդ իսկ պատճառով «Բի Էս Սի»-ն 22 տարի շարունակ իրականացնում է Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի տնտեսության տարբեր ճյուղերի և համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր։ Այդ ծրագրերի շրջանակներում «Բի Էս Սի»-ն աշխատում է համայնքների անդամների կարողությունների զարգացման, նրանց նոր գիտելիքների և փորձի փոխանցման, ինչպես նաև շուկայական նոր հնարավորությունների բացահայտման և օգտագործման ուղղությամբ։ Հիմնական շեշտը դրվում է տեղական համայնքների, մասնավոր ոլորտի, ոչ պետական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման և այդ կառույցների միջև փոխշահավետ համագործակցության ստեղծման վրա: «Բի Էս Սի»-ի գործունեության 75%-ն իրականացվում է Հայաստանի տարբեր մարզերում` համայնքների կյանքի որակը բարձրացնելու և տնտեսապես հավասար զարգացում ապահովելու նպատակով:

«Բի Էս Սի»-ի իրականացրած ծրագրերից նշանակալի է «Կոոպերատիվների անդամների կառավարման և բիզնեսի վարման հմտությունների բարելավման ծրագիրը», որն իրականացվել է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում, ԱՄՔՈՐ ԱՄՆ Միավորված մեթոդիստների օգնության կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում: Իր աշխատանքում «Բի Էս Սի»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց ձեռնարկատիրական ունակությունների զարգացմանը և նոր հնարավորությունների տրամադրմանը։ ԱՄՔՈՐ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացվել է նաև «Կոոպերատիվների և դրանց կին անդամների կարողությունների զարգացման ծրագիր», որի հիմնական նպատակն է եղել կանանց ունակությունների զարգացումը:

 

Համագործակցելով զարգացման տարբեր գործակալությունների հետ, կիրառելով 22 տարիների ընթացքում կուտակված փորձը և կառավարման առաջատար խորհրդատուների հմտությունները` «Բի Էս Սի»-ն նպաստում է Հայաստանի տարբեր մարզերում և Կովկասյան տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Բի Էս Սի»-ի աջակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակներում ստեղծվել են 100-ից ավելի աշխատատեղեր, ինչի արդյունքում ոչ միայն բարելավվում է ամբողջ համայնքի կյանքի որակը, այլ նաև ստեղծվում են զարգացման հավասար պայմաններ երկրի տարբեր համայնքներում: Զարգացման ծրագրերի միջոցով «Բի Էս Սի»-ն իր ներդրումն է կատարում Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և առողջ մրցակցային միջավայր ստեղծելու հարցում, նպաստում է տնտեսական ակտիվությանը և ստեղծում զարգացման նոր հնարավորություններ համայնքների ներկայացուցիչների համար։

Վայոց Ձորում գյուղատնտեսության շղթայում կին ֆերմերների դիրքերի բարելավման նպատակով «ՕՔՍՖԱՄ Հայաստան»-ի հետ համատեղ «Բի Էս Սի»-ն իրականացրել է «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիր, որի շրջանակներում կոոպերատիվների կին ֆերմերները աջակցություն են ստացել գիտելիքների, հմտությունների, կարողությունների զարգացման, ինչպես նաև կոոպերատիվների և մատակարարման շղթայի ընթացիկ կառավարման, մարքեթինգային առաջխաղացման և մի շարք այլ ուղղություններով:

 

«ՕՔՍՖԱՄ Հայաստան»-ի հետ համագործակցության մեկ այլ նշանակալի ծրագիր է ՀՀ Տավուշի մարզում «Փոքր Ֆերմերային տնտեսությունների բարելավում գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեքային շղթաների ստեղծման միջոցով ծրագիրը», որի շնորհիվ 15 գյուղական համայնքների փոքր ֆերմերային տնտեսություններ ունեցող անձինք հնարավորություն ունեցան աջակցություն ստանալու կոոպերատիվների ստեղծման, վարկային դրույթների և մարքեթինգային խորհրդատվության և գյուղատնտեսական ենթակառուցվածքների (համայնքային ջերմոցներ, վերամշակման գործարաններ, սառեցման սարքավորումներ) տեսքով:

 

Վերոնշյալ ծրագրերը թույլ տվեցին համայնքների ներկայացուցիչներին օգտագործել իրենց ներքին պոտենցիալը և տնտեսության հնարավորությունները նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքի զարգացման նպատակով:

 

Մենք գտնում ենք, որ արդյունավետ և արժեքավոր է այն ծրագիրը, որը ֆինանսական և խորհրդատվական աջակցության արդյունքում ստեղծում է ինքնաֆինանսավորվող, կայուն եկամուտ և աշխատանք ապահովող գործունեություն: