15 բիզնես կֆինանսավորվի և կհիմնադրվի Երևանում և Իջևանում

 

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) համաֆինանսավորմամբ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում Երևանի և Իջևանի 50 երիտասարդներ հնարավորություն կստանան անվճար մասնակցել 3-ամսյա ձեռնարկատիրության դասընթացների, ստանալ անհատական բիզնես խորհրդատվություն ոլորտի լավագույն խորհրդատուների կողմից, իսկ ամենաիրատեսական բիզնես գաղափարների հեղինակները կստանան դրամաշնորհներ` սեփական բիզնեսի հիմնադրման համար։

 

2018-2019թ.թ. դեկտեմբեր-մարտ ամիսներին ծրագրին մասնակցեց շահառուների առաջին խումբը. 14 երիտասարդներ՝ պոտենցիալ ձեռնարկատերեր Երևանից։ «Բի Էս Սի» ընկերությունը աջակցեց մասնակիցների սեփական բիզնես գաղափարների հղկման, բիզնես մոդելի և բիզնես պլանի մշակման հարցում։

 

 

2019թ. մարտի 20-ին, ժամը 10։00-ից Էլիտ Պլազա Բիզնես Կենտրոնում ծրագրի առաջին փուլի շահառուները ընտրական հանձնաժողովին կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները։ Համաձայն ընտրական հանձնաժողովի գնահատման՝ 5 բիզնես գաղափար կֆինանսավորվի։ Բիզնես գաղափարները տարբեր ոլորտներից են՝ ՏՏ, հրուշակեղենի արտադրություն, չրերի արտադրություն, հագուստի դիզայն և արդյունաբերություն, միջոցառումների կազմակերպում, ձեռագործ աշխատանքների պատրաստում և այլն։

 

«Բի Էս Սի» ընկերությունը շարունակական աջակցություն կցուցաբերի հիմնադրվող բիզնեսներին ու կմատուցի խորհրդատվություն բիզնեսի գրանցման, կառավարման, մարքեթինգի, վաճառքների, ֆինանսական կառավարման հարցերով։ Միջոցառմանը ներկա կգտնվեն ներկայացուցիչներ ԵՄ-ից, ծրագրի գործընկեր միջազգային ու հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև՝ մի շարք ձեռնարկատերեր։ 2019-թվականին ծրագիրը կիրականացվի Իջևան քաղաքում, իսկ 2020 թվականին կընդգրկի շահառուներ Երևան քաղաքից։

 

Մանրամասների համար կարող եք դիմել «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն՝ 077/095 574778 հեռախոսահամարներով։