Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ հիմնադրվեց 4 բիզնես Երևանում

 

Գեղեցիկ նոտայով եզրափակվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն. Հայաստան, Բելառուս և Ուկրաինա» ծրագրի առաջին շրջարափուլը: «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և թվով չորս ձեռներեցների միջև կնքվեց եռակողմ պայմանագիր, համաձայն որի տվյալ չորս սկսնակ ձեռներեցները ստացան 4000 եվրոյի համարժեք դրամաշնորհ՝ իրենց կողմից նախագծված գործարար ծրագրերում ներդնելու նպատակով: Այսպիսով, Երևան քաղաքում և հարակից տարածքներում մեկնարկեցին կարի արտադրամասի, հացաբուլկեղենի արտադրության, չրի արտադրության և ֆուրշետների կազմակերպման փոքր ձեռնարկությունների գործարկման աշխատանքները:

 

 

Կարելի է արձանագրել, որ սա ՀՀ տնտեսական կյանքին մասնակցության ևս մեկ քայլ է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից՝ ՓՄՁ սկսնակ գործարարների համար հնարավորությունների ստեղծման և զարգացման, ինչպես նաև ՓՄՁ-ների հիմնադրմանը նպաստելու միջոցով: Հարկ է նշել, որ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը շարունակելու է անվճար խորհրդատվական աշխատանքները նշված փոքր ձեռնարկությունների հետ՝ բիզնեսի կազմակերպման, կառավարման և առաջմղման հարցերում:

 

Հիշեցնենք, որ 2018 թվականի երկրորդ կիսամյակից մեկնարկած «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն. Հայաստան, Բելառուս և Ուկրաինա» ծրագրի շրջանակներում թվով 14 երիտասարդ Երևան քաղաքից մասնակցել են ձեռնարկատիրության անվճար դասընթացների՝ բարելավելով իրենց գործարար հմտությունները, ծանոթանալով տեղական գործարար միջավայրի առանձնահատկություններին ու մրցակցային իրավիճակին: Դասընթացներն իրականացվել են «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի փորձագետների կողմից: