«Ագրոլոգ»-ը ընդլայնում է օրգանական չրերի արտադրությունը

Աշտարակում հիմնադրված «Ագրոլոգ» ընկերությունը հայկական շուկայում գործում է 8 տարի և զբաղվում է գյուղմթերքի սառնարանային պահպանմամբ և վերամշակմամբ, մասնավորապես` չրերի արտադրությամբ: Ընկերությունը չրերի արտադրության համար մրգի տեսականին ձեռք է բերում Հայաստանի տարբեր շրջաններից:

 

«Ագրոլոգ»-ը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի մատուցած խորհրդատվության շնորհիվ դրամաշնորհ է ստացել «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի կողմից: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանում գործող ֆերմերային տնտեսություններին` նպաստելով երկրում ագրոբիզնեսի և գյուղատնտեսության զարգացմանը:

Օրգանական մթերք արտադրողներին և վերամշակողներին տրամադրվելու է ֆիանանսական և տեխնիկական աջակցություն, ինչը կնպաստի Հայաստանում ոլորտի զարգացմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են գյուղատնտեսությանը վերաբերող օրենսդրական դաշտի բարեփոխումներ, հանրության շրջանում այս ոլորտին վերաբերող իրազեկության բարձրացում, և օրգանական արտադրանքի համար բացահայտվելու են արտահանման նոր հնարավորություններ:

 

Օրգանական գյուղատնտեսության զարգացման համար Հայաստանը ունի մեծ ներուժ, և դրամաշնորհների միջոցով ֆերմերները հնարավորություն կստանան, ներդրումներ կատարելով, զարգացնել տվյալ ոլորտը: Արդյունքում օրգանական արտադրանքը իր ուրույն տեղը կզբաղեցնի հայկական շուկայում, իսկ արտահանման շնորհիվ ընկերությունները հնարավորություն կստանան ավելացնել արտադրության ծավալները:

 

«Ագրոլոգ»-ը տարեկան արտադրում է միջինում 5 տոննա չիր և արտահանում է այն Ռուսաստան, Ղազախստան և Վրաստան, իսկ այս տարի փորձնական արտադրանքի չափաբաժին է արտահանել նաև Ֆրանսիա և Հորդանան: Այսպիսով` ծրագրի միջոցով ընկերությունը հնարավորություն է ստանում դուրս գալ նոր շուկաներ` բարձրացնելով արտադրանքի որակը և ավելացնելով ծավալները:

 

Ծրագրով տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ «Ագրոլոգ»-ը նաև պատրաստվում է Աշտարակում հիմնադրել օրգանական սննդի ուսումնական և արտադրական կենտրոն` այդպիսով օժանդակելով Հայաստանում օրգանական մթերքի արտադրությանը և ստեղծելով նոր աշխատատեղեր Աշտարակ քաղաքում:

 

Իր գործունեության 22 տարիների ընթացքում «Բի Էս Սի»-ն իրականացրել է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, և այսօր էլ ընկերությունը շարունակում է կիսվել իր փորձով և գիտելիքներով` այսկերպ նպաստելով Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը: «Ագրոլոգ» ընկերության համար «Բի Էս Սի»-ն մշակել է «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի պահանջներին լիովին համապատասխան ծրագրային առաջարկի փաթեթ, ինչը ներառել է նաև բյուջեն և տրամաբանական կառուցվածքը: Այնուհետև կազմվել է առաջիկա երեք տարիների համար նախատեսված գործարար ծրագիր, որի շրջանակներում կատարվել են ոլորտային ուսումնասիրություններ, շուկայի տարածաշրջանային հետազոտություն, մարքեթինգային գործողությունների պլանավորում և ֆինանսական կանխատեսումներ:

 

Այսօր ամբողջ աշխարհում մեծ զարգացում է ապրում օրգանական գյուղատնտեսության բնագավառը, և Հայասատանը կարող է այս ոլորտում առաջատարներից մեկը դառնալ: Հաշվի առնելով առկա ներուժը` «Բի Էս Սի»-ն ձգտում է դառնալ այդ բոլոր զարգացումների մի մասը` ֆերմերներին տրամադրելով խորհրդատվություն և բիզնեսի զարգացման ոլորտում մասնագիտական գիտելիքներ: