«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը նշեց հիմնադրման 25-ամյակը

ԿԵՐՏԵԼՈՎ ԱՊԱԳԱՆ

Հայաստանի Հանրապետություն, Երևան, մայիսի 17, 2019թ.

 

 

Մայիսի 17-ին «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) նշել է Հայաստանում բիզնեսի աջակցման, կառավարման խորհրդատվական և բիզնես ուսուցման ոլորտում գործունեության 25-ամյակը:

 

 

Ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը ներկայացրել է BSC-ի 25 տարվա պատմությունը, ներկա ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում բիզնեսի զարգացման միտումներն ու հեռանկարները:

 

«Մենք Հայաստանում ձգտում ենք ստեղծելու դինամիկ և կարծրատիպերից զերծ բիզնես միջավայր՝ ոգեշնչված նորարարությամբ և անսպառ ձեռնարկատիրական ոգով»,- ասել է Սամվել Գևորգյանը:

 

Նա ընդգծել է, որ հիմնադրման պահից՝ 1994 թվականից սկսած, BSC-ն իրականացրել է բուռն և ակտիվ գործունեություն՝ տրամադրելով բիզնեսի կառավարման խորհրդատվություն Հայաստանի բոլոր մարզերի սկսնակ ձեռներեցներին և գործող փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններին: «BSC-ն կենտրոնացել է նաև ոլորտային զարգացման վրա, որոնցից են տուրիզմը, առաջատար տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, սննդի վերամշակումը, թեթև արդյունաբերությունը և Հայաստանի համար կարևորագույն այլ ոլորտներ»,- հավելել է Սամվել Գևորգյանը:

 

 

BSC-ի հիմնադիր տնօրենը տեղեկացրել է, որ կենտրոնի փորձագետները գործնական այցերով եղել են Հայաստանի 880-ից ավելի համայնքներում՝ տնտեսական ակտիվությանը նպաստող և խթանող ծրագրերի իրականացման շրջանակում՝ անցնելով 500 000 կմ ճանապարհ։ Ընկերության փորձագետները 25 տարվա ընթացքում մշակել են 1100 բիզնես պլան, 1000-ից ավելի ներդրումային նախագիծ, իրականացրել 120 ոլորտային հետազոտություն, հրատարակել բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման և զարգացման վերաբերյալ 15 գիրք: BSC-ի բիզնես ուսուցողական դասընթացներին մասնակցել է ավելի քան 18 000 սկսնակ և գործող ձեռներեց:

 

 

BSC-ի 25-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա է եղել նաև «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը: Նա շեշտադրել է Հայաստանում մասնավոր բիզնեսի զարգացման գործում ներդրումներ ներգրավելու գործում BSC-ի ակտիվ գործունեությունը։

 

«Արեգակ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Մարիամ Եսայանը՝ որպես երկարամյա գործընկեր, աշխատելով BSC-ի հետ դեռ 1999-ից, ընկերությունը որակել է որպես կայուն որակյալ ծառայություններ մատուցող կենտրոն՝ կոնկրետ ձեռնարկության խնդիրները լուծելու առումով։

 

BSC-ն 9 տարբեր միությունների անդամ է, որոնցից մեկի՝ «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանն ընդգծել է, որ BSC-ն Հայաստանի մասնավոր հատվածում շարունակական դրական փոփոխություններ նախաձեռնող կազմակերպություն է։

 

 

«BSC-ն շարունակում է աջակցել Հայաստանի առաջատար ընկերություններին, ՓՄՁ-ներին, առաջարկում լուծումներ նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ՝ իր գործունեությամբ նպաստելով Հայաստանի բոլոր մարզերի և ոլորտների շարունակական զարգացմանը, ինչպես նաև բիզնեսի կառավարման մշակույթի ներդրմանն ու ամրապնդմանը: BSC-ն անցնում է գլոբալ կարգավիճակի` աշխարհագրական, հնարավորությունների և լուծումների առումով` հայկական բիզնեսի մրցունակությունը համաշխարհային բիզնես հարթակներում բարձրացնելու նպատակով:

 

 

BSC-ն, անցնելով իր պատմության հաջորդ 25 տարվա գործունեությանը, դառնում է բիզնեսի բոլոր խնդիրները լուծող, բիզնեսի համար լայն հնարավորություններ ստեղծող և հայկական յուրաքանչյուր բիզնեսի ապագան կերտող ընկերություն»,- ամփոփել է Սամվել Գևորգյանը։

 

 

 

***

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել.

www.facebook.com/BSCBusinessSupportCenter - BSC ֆեյսբուքյան պաշտոնական էջ