«ԲԻ ԷՍ ՍԻ» ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՇՈՒՄ Է ԻՐ 25 ԱՄՅԱԿԸ

«Բի Էս Սի»-ն իր գործունեությամբ նպաստել է Հայաստանում ներդրումների խթանմանը և մարզերի հավասարաչափ տնտեսական զարգացմանը: 25 տարիների ընթացքում կենտրոնի փորձագետները գործնական այցերով եղել են Հայաստանի բոլոր համայնքներում` տնտեսական ակտիվությանը նպաստող ծրագրերի իրականացման շրջանակներում: Ընկերության աշխատակիցների կողմից մշակվել են 1,100-ից ավելի բիզնես պլաններ, իրականացվել են 1,000-ից ավելի նախագծեր, 120-ից ավելի հետազոտություններ: Ընկերությունը գործունեություն է ծավալել գյուղատնտեսության, արտադրության, սննդի վերամշակման, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում:

 

Բացի այդ` «Բի էս Սի»-ն մշտապես եղել է «մասնագետների դարբնոց»: 25 տարիների ընթացքում ընկերությունում աշխատել են 100-ից ավելի մասնագետներ, որոնց մեծ մասն այժմ աշխատում է հեղինակավոր միջազգային ընկերություններում և կազմակերպություններում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Բի էս Սի»-ն հպարտանում է, որ իր ներդրումն է ունեցել կառավարման խորհրդատուների մասնագիտական զարգացման մեջ և մինչ օրս ձգտում է աշխատելու սկսնակ մասնագետների` երիտասարդների հետ, քանի որ գտնում է, որ կարող է փոխանցել հարուստ փորձն ու գիտելիքը, ինչպես նաև ընձեռել սեփական կարողությունները դրսևորելու հնարավորություն:

 

 

«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հիմնադրվել է 1994թ.-ին` Եվրոպական Միության ՏԱՍԻՍ կողմից իրականացվող, գերմանական GTZ և հոլանդական FACET ընկերությունների համատեղ նախագծի շրջանակներում: Հիմնական նպատակն է եղել ստեղծել Հայաստանում առաջին կազմակերպությունը, որը ամբողջական աջակցություն կցուցաբերի Հայաստանի մասնավոր հատվածի կայուն զարգացմանը` ներդրումային նախագծերի, բիզնես պլանների, մարքեթինգային ծրագրերի, շուկաների հետազոտության, բիզնես ուսուցողական նախագծերի և այլ գործիքների միջոցով: 1996թ.-ից` ԵՄ ծրագրերի ավարտից հետո, կազմակերպությունը գործում է որպես անկախ բիզնեսի կառավարման խորհրդատվական կենտրոն` գործունեություն ծավալելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և հանդիսանալով ԵՄ բացառիկ հաջող նախագծի փայլուն օրինակ Հայաստանում, ինչպես նաև ԱՊՀ և արևելաեվրոպական երկրներում:

 

«Բի էս Սի»-ի 25 ամյակի կապակցությամբ ողջ տարվա ընթացքում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ և նախագծեր: Սպասեք նորությունների: Գործունեությանը կարող եք հետևել նաև «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի ֆեյսբուքյան էջում ...