Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Արագածոտն

Այս տարի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) նշում է հիմնադրման 25-ամյակը: Լինելով Հայաստանում առաջին բիզնես խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունը՝ 25 տարիների մեծ մասը կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են մարզերում: 

BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը» հեղինակային նախագծի միջոցով Banks.am-ում կներկայացնի Հայաստանի բոլոր մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները:

***


Ես անձամբ Հայաստանում շատ եմ ճամփորդում: Գործի բերումով, նաեւ հետաքրքրությունից ելնելով: Անընդհատ ճանապարհներին եմ: Լինում է տարի, որ ամբողջ ընթացքում մարզերում եմ, օրինակ՝ 2018-ին, երբ Վանաձորից գնում էի Գավառ, հետո Գորիս, Իջեւան, մի քանի օրից՝ Ստեփանակերտ: Ու այսպես շարունակ:

 

Երեւանը կարծես հյուրանոց լինի: Ընթացքում մտնում եմ գիշերելու, ճամպրուկս թարմացնելու ու կրկին ճանապարհ ընկնում: Ու այսպես 25 տարի: Այս ընթացքում եղել եմ Հայաստանի 880 համայնքում, գյուղում, բնակավայրում: 

 

ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՏԵԼԻՍ

 

Երբ հատում եմ մարզային սահմանները, մի կողմից՝ կարծես ոչինչ չի փոխվում, մյուս կողմից էլ՝ զգացողությունս հաստատ փոխվում է: Զգում ես այդ մարզի շունչը եւ տարբերությունները: Միշտ փնտրել եմ առանձնահատկությունները:

 

Ինչպե՞ս է գյումրեցին բիզնես անում: Իսկ վանաձորցի՞ն, գորիսեցո՞ւ մասին ինչ կասեք: Ավելի գլոբալ հարց տամ. ինչպե՞ս է բնակության վայրը կամ մարզային պատկանելությունն ազդում բիզնես անելու ոճի եւ բիզնես մտածելակերպի վրա: Արդյոք ազդո՞ւմ է: 

 

Ինչո՞վ են Հայաստանի մարզերը տարբերվում մեկը մյուսից։ Համարյա ամեն ինչով՝ իջեւանցու պրագմատիզմը, արմավիրցու երեւակայությունը, մարտունեցու ռիսկայնությունը, արցախցու նպատակասլացությունը, մեղրեցու սառը դատողությունը… Այս ամենն ավելի քան ակնհայտ է: 

 

Իմ կարծիքով՝ այս ամենն արտացոլվում է նաեւ բիզնեսի մեջ։ Ով ինչպես է պատկերացնում բիզնեսը, ով ինչպես է կառավարում բիզնեսը, ով ինչպես է բիզնես անում։

 

Երբ գրում էի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը, առաջինը, որ մտքովս անցավ հետեւյալ տողերն էին. «Հայաստանից լավ տեղ չկա: Ով ինչ ուզում է ասի, ես համոզված եմ սրանում: Հայաստանը բիզնեսի երկիր է»:

 

 

Այս նախագծի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները, որոնք բնութագրում են հենց այդ մարզը, տարածքը, բնակավայրը:

 

Ես, լինելով Հայաստանի հարյուրավոր բնակավայրերում, ճանաչելով հազարավոր մարդկանց, ունենալով միլիոնավոր հույզեր, կփորձեմ ձեզ հետ կիսել իմ պատկերացումները յուրաքանչյուր մարզի բիզնես դեմքի մասին։ 

 

ԵՐԵՎԱՆԻՆ ԱՅԴՔԱՆ «ՄՈՏ ՈՒ ՀԵՌՈՒ»

 

Արագածոտնը Հայաստանի չորս մարզերից մեկն է, որը գտնվում է մայրաքաղաք Երեւանի հարեւանությամբ: Մի կողմից, այս հանգամանքը մեծ հնարավորություններ է ընձեռում մարզի զարգացման համար, քանի որ Հայաստանի տնտեսության գրեթե կեսը հենց Երեւանում է, մյուս կողմից էլ՝ սահմանափակում է այդ հնարավորությունները մի շարք պատճառներով: Տուրիզմի տեսանկյունից մարզը կատարում է «տարանցիկ» ֆունկցիա: Երեւանից ընդամենը մեկ ժամում հատում ես մարզի սահմանները: Բիզնես սկսելիս, հատկապես դրսի ներդրողների կողմից, տեղի առավելությունը տրվում է Երեւանին: Դա է պատճառը, որ մարզի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր ՀՆԱ-ում ընդամենը 3% է: Դա այն պարագայում, որ մարզի տարածքը կազմում է Հայաստանի ընդհանուր տարածքի 9%-ը՝ գտնվելով ռազմավարական տեսանկյունից իդեալական դիրքում:

 

Առաջին, Աշտարակը համարվում է Երեւանին ամենամոտ գտնվող մարզկենտրոնը՝ ընդամենը 22 կմ: Երկրորդ, Արագածոտնի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ճանապարհներ. Երեւան – Աշտարակ – Թալին – Գյումրի, Երեւան–Աշտարակ – Սպիտակ-Վանաձոր -ՀՀ պետական սահման եւ Երեւան – Արմավիր – Գյումրի: Երրորդ, գտնվելով ներկայիս Հայաստանի ամենաբարձ լեռան՝ Արագածի շրջակայքում (4090 մ), այն ձգվում է Թալինի լեռներից դեպի Աշտարակի այգիներ ու Ապարանի ալպիական արոտավայրեր՝ ապահովելով բնակլիմայական բազմազանություն եւ տնտեսության մի քանի ճյուղերի զարգացման տարբեր ուղիներ:

 

 

Զերմոցային տնտեսություններ, սննդի վերամշակման ձեռնարկություններ, գինեգործություն, ալտերնատիվ էներգետիկա, այգեգործություն, անասնապահություն եւ, իհարկե, զբոսաշրջություն. ընդամենը մի քանի ուղղություններ, որոնք մարզում ունեն զարգացման ահռելի ներուժ: Ինչպես ասում են, փոփոխությունների ժամանակն է: Եվ այդ ճանապարհին առաջինը կարող է լինել Արագածի մարզ անվանակոչությունը, որը ներկայացման տեսանկյունից մարզը կդարձնի ավելի գրավիչ ու հակիրճ:

 

 

ԱՇՏԱՐԱԿ. ՀԱՄ ՈՒ ՀՈՏՈՎ ՏՈՒՐԻԶՄ

 

Աշտարակը Հայաստանի այն բացառիկ քաղաքներից է, որը պահպանել է իր դեմքը: Ծովի մակերեւույթից լինելով 1175 մ բարձրության վրա՝ քաղաքում կա 11 եկեղեցի եւ 100-ից ավելի հուշարձան։ Աշտարակում բոլոր տների բակերն ունեն իրենց «համն ու հոտը» եւ կարող են լուրջ հայտ ներկայացնել՝ էթնիկ տուրիզմի կենտրոն դառնալու ճանապարհին:

 

 

Աշտարակի տարածաշրջանի բնակավայրերում էլ կան այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բավարարել տարբեր ճաշակներ եւ նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների պահանջարկը: Մասնավորապես, մարզկենտրոնի հարեւանությամբ տեղակայված Օշական գյուղում է տեղակայված հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Աղձք գյուղում է հայտնաբերվել հայկական Արշակունի թագավորների դամբարանը, որը թվագրվում է 4-րդ դարին: Աշտարակի շրջակայքում են ցրված միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Սաղմոսավանքը, Օհանավանքը։ Այս տարածքում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը:

 

Փաստն այն է, որ տարածաշրջանը կենտրոնացած է հիմնականում ներքին տուրիզմի վրա: Ճիշտ է, վերջին շրջանում արտասահմանյան տուրիստներին ներգրավելու առումով որոշ ակտիվություն նկատվում է՝ շնորհիվ տուրիստական ուղղվածություն ունեցող ընկերությունների: Մասնավորապես, Բաղդադյան եղբայրների հիմնադրած «Պասկալ եւ Դեոդատո» սրճարանը դարձել է Աշտարակ այցելող տուրիստների այցելության պարտադիր վայր, քանի որ էապես տարբերվում է «Աշտարակի ձոր»-ի ֆորմատից: Ի դեպ, Բաղդադյանների հիմնադրած «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի արտադրությունը նույնպես Աշտարակում է եւ գրավիչ կարող է լինել ճանաչողական այցելությունների տեսանկյունից: 2018-ին ընկերության հիմնած ցուցասրահ-թանգարանն է լրացնում է կոնցեպտը։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ թե՛ արտադրությանը, թե՛ շոկոլադի համին, թե՛ նախապատմությանը։

 

 

Տարածաշրջանում կան հարյուրավոր հեկտարներ զբաղեցնող այգիներ, որոնց միրգը ոչ միայն վաճառվում է թարմ վիճակում, այլեւ հումք հանդիսանում մի քանի խոշոր եւ միջին պահածոների գործարանների համար: «Թամարա ֆրութ»-ը լավագույն օրինակներից է: Փարպի, Կարբի, Օհանավան, Սաղմոսավանք հատվածում գտնվող այգիները խթանել են նաեւ չրագործությունը: «Ագրոլոգ» ընկերության հիմնադրած Աշտարակի կենտրոնը չրագործության, չրերի պատրաստման ուսուցման եւ տուրիստական փաթեթներ համակցության լավագույն օրինակն է Հայաստանում: Մեկ այլ օրինակ է Բյուրական համայնքի նախկին աղբավայրի տարածքում հիմնադրված, այժմ ագրոտուրիզմի վայր դարձած «Չրի տուն» ձեռնարկությունը, որտեղ գործում է չրի արտադրամաս, օրգանական ելակի ջերմոց, ինտենսիվ այգի, հյուրերի ընդունման տաղավար:

 

Տարածաշրջանը նաեւ հայտնի գինեգործական կենտրոն է: Կրկին, մարզի գինեգործները համակցում են խաղողագործությունը, գինու արտադրությունն ու տուրիզմը՝ առաջարկելով հետաքրքիր փաթեթներ թե՛ ներքին, թե՛ արտաքին զբոսաշրջիկների համար: «Գոլդ Գրեյպ Արմաս»-ի, «Արմենիա Վայն»-ի, «Ոսկեվազի գինու գործարանի»-ի, «Վան Արդի»-ի ջանքերով ոչ միայն բարձրացել է հայկական գինու որակն ու ավելացել տեսականին, այլեւ գրավիչ են դարձել այցելությունները խաղողի այգիներ եւ արտադրություններ՝ պարբերաբար կազմակերպվող համերգների եւ այլ միջոցառումների շնորհիվ:

 

 

Առաջին քայլեն արդեն արվում են։ «Ոսկեհատ» անունը ստացած գինու փառատոնը, որն առաջին անգամ անցկացվեց սեպտեմբերի 7-ին Աշտարակ քաղաքում, նպատակ ուներ բացահայտելու տարածաշրջանի գինեգործական ավանդույթներն ու տարածելու գինու մշակույթը։

 

 

ԱԼՊԻԱԿԱՆ ԱՊԱՐԱՆ

 

Ապարան քաղաքը, գտնվելով Երեւանից 50 կմ հեռավորության վրա, իդեալական վայր է քաղաքից դուրս առաջին կանգառն անելու համար: Այդ հնարավորությունից էլ օգտվել է «Գնթունիք»-ը. ահա թե որն է նրա հաջողության գաղտնիքներից ամենակարեւորը: Վեջին ժամանակներում Հայաստանի տարբեր ճանապարհներին հայտնվում են նմանատիպ առեւտրային կենտրոններ, սակայն բոլորն ասոցացվում են հենց «Գնթունիք»-ի հետ: Նույնիսկ Ապարանի փոխարեն ճանապարհորդներն օգտագործում են Գնթունիք բառը: Ահա թե ինչ կարող է անել բիզնեսը, երբ այն հայտնվում է ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին:

 

Ապարանի տարածաշրջանի բարձրադիր ալպիական գոտիները, ջրամբարը, մաքուր օդը հիմք են հանդիսանում անասնապահության համար: Մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների մի քանի խոշոր, միջին եւ հարյուրավոր փոքր ֆերմաներ կան, որոնք ապահովում են մարզի եւ Երեւանի բնակչության մսի պահանջարկը:

 

 

Մարզում գործում են նաեւ կաթնամթերք արտադրող մի քանի գործարաններ («Ապարան գրուպ», «Ապարանի պանրի գործարան»), որոնց արտադրանքը հիմնականում սպառվում է Երեւանում:

 

 

ԹԱԼԻՆ. ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ

 

Թալինի տարածաշրջանի տնտեսության մասին խոսելիս ավելի շատ կենտրոնացում լինում է անցյալի, քան ներկայի վրա: Տասնյակ արտադրություններից, խոշոր ֆերմաներից եւ ձեռնարկություններից ներկայումս գրեթե ոչինչ չի մնացել: Պատճառներից մեկն այն է, որ բնակլիմայական առումով այս տարածաշրջանն այնքան էլ գրավիչ չէ: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով տարածաշրջանի բնակչության կրթական բարձր մակարդակը, մշակութային ժառանգությունը եւ ձեռնարկատիրական ունակությունները՝ հնարավոր է ուղիներ գտնել՝ տարածաշրջանի տնտեսությունը կտրուկ զարգացնելու համար:

 

«Բարվա» ինովացիոն կենտրոնն ինժեներական հատուկ լուծումների արդյունքում ստեղծել է կաթսա, որի շնորհիվ բիոզանգվածից (գյուղատնտեսական թափոններ, չորացած տերեւներ, խոտ) հնարավոր է ավելի էժան եւ էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալ։ Սա մեծ պահանջարկ կունենա Հայաստանում ջերմոցային տնտեսություններ վարողների շրջանում՝ բնական գազին այլընտրանք լինելու տեսանկյունից։

 

Թալինը լրջագույն պոտենցիալ ունի արեւային էներգետիկայի զարգացման տեսանկյունից: Արդեն գործում է «Թալին-1» 1 ՄՎտ հզորությամբ կայանը: Սա առաջին քայլն է, որը կարող է եւ պետք է զարգանա:

 

 

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մարզի տնտեսական ահռելի հնարավորություններից միայն մի փոքրիկ մասն է ներկայում օգտագործվում: Թալինի վերոնշյալ բնակլիմայական «ոչ բարենպաստ» պայմաններն են, որ հիմք են հանդիսանում տարածաշրջանը Հայաստանում արեւային էներգետիկայի առաջատարներից մեկը դարձնելու համար: Ավելին, այս տարածաշրջանում զարկ կարելի է տալ ջերմոցային տնտեսությունների կառուցմանը եւ շահագործմանը՝ հաշվի առնելով նախալեռնային գոտիներում ձմեռային ամիսներին արեւային օրերի քանակը եւ ամառային ամիսների համեմատաբար զով եղանակը:

 

Մարզը կարող է ունենալ առնվազն 2 ձմեռային սպորտաձեւերի կենտրոն՝ Արա լեռան եւ Արագած լեռան ստորոտում: Աշխարհում գնալով մեծանում է ձմեռային հանգստի պահանջարկը եւ Հայաստանն ու մասնավորապես՝ Արագածոտի մարզը կարող են բավարարել այդ պահանջարկի մի մասը: Իհարկե, խոշոր ներդրումներ են պահանջվում, սակայն, դրանք շատ արագ կարող են եկամուտներ ապահովել:

 

 

Երեւանին մոտ գտնվելը պետք է դարձնել առավելություն՝ ժամանցային մեծ կենտրոնների հիմնադրման միջոցով: Օրինակ, ազգային մեծ շոուներ, մշտապես գործող տոնավաճառներ, պատմամշակութային կենտրոններ: Օրինակներ աշխարհում շատ կան, որոնք կարելի է ադապտացնել տեղական պայմաններին:

 

Վերամշակող ձեռնարկությունների թիվը (պահածոների եւ խմիչքների գործարաններ) կարելի է ավելացնել՝ նեղ թիրախային ապրանքներ արտադրելով: Մրգային օղիները, սպեցիֆիկ պահածոները, բարձր որակի չրերը դրա լավագույն օրինակն են: Մի քանի միջին չափերի տեքստիլ կամ այլ արտադրություններ կարելի է հիմնադրել Թալինում եւ Ապարանում՝ քաղաքային բնակչության զբաղվածությունն ապահովելու նպատակով: 

Դեռ լիովին չի օգտագործվում Բյուրականի աստղադիտարանի առկայության հնարավորությունը: Այն կարող է դառնալ տուրիստական կենտրոն՝ ապահովելով մեծ թվով զբոսաշրջիկների հոսք դեպի բնակավայր: 

 

Որպես ամփոփում, Արագածոտնի մարզն արտադրության, այգեգործության եւ տուրիզմի հիանալի կոմբինացիա է, որի նմանը Հայաստանում չկա: Մարզը կարող է դառնալ տուրիզմի ուղղությունների բազմազանություն ապահովող առաջատարը Հայաստանում: Հնագիտական, գաստրոնոմիկ, գինեգործական, կրոնական-մշակութային-պատմական, ագրո, արշավային, լեռնագնացային, ձմեռային եւ էթնիկ տուրիզմի ուղղություններն ընդամենը մի քանիսն են, որոնց հիմքերն արդեն դրված են, սակայն դեռ բավարար չեն: Որպես հետեւանք էլ կառաջանա նոր հյուրանոցների, հյուրատների, հոսթելների, ինչպես նաեւ հանրային սննդի կետերի ստեղծման անհրաժեշտություն: