Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Շիրակ

Այս տարի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) նշում է հիմնադրման 25-ամյակը: Լինելով Հայաստանում առաջին բիզնես խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունը՝ 25 տարիների մեծ մասը կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են մարզերում: 

BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը» հեղինակային նախագծի միջոցով Banks.am-ում կներկայացնի Հայաստանի բոլոր մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները:

***


Ես անձամբ Հայաստանում շատ եմ ճամփորդում: Գործի բերումով, նաեւ հետաքրքրությունից ելնելով: Անընդհատ ճանապարհներին եմ: Լինում է տարի, որ ամբողջ ընթացքում մարզերում եմ, օրինակ՝ 2018-ին, երբ Վանաձորից գնում էի Գավառ, հետո Գորիս, Իջեւան, մի քանի օրից՝ Ստեփանակերտ: Ու այսպես շարունակ:

 

Երեւանը կարծես հյուրանոց լինի: Ընթացքում մտնում եմ գիշերելու, ճամպրուկս թարմացնելու ու կրկին ճանապարհ ընկնում: Ու այսպես 25 տարի: Այս ընթացքում եղել եմ Հայաստանի 880 համայնքում, գյուղում, բնակավայրում: 

 

ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՏԵԼԻՍ

 

Երբ հատում եմ մարզային սահմանները, մի կողմից՝ կարծես ոչինչ չի փոխվում, մյուս կողմից էլ՝ զգացողությունս հաստատ փոխվում է: Զգում ես այդ մարզի շունչը եւ տարբերությունները: Միշտ փնտրել եմ առանձնահատկությունները:

 

Ինչպե՞ս է գյումրեցին բիզնես անում: Իսկ վանաձորցի՞ն, գորիսեցո՞ւ մասին ինչ կասեք: Ավելի գլոբալ հարց տամ. ինչպե՞ս է բնակության վայրը կամ մարզային պատկանելությունն ազդում բիզնես անելու ոճի եւ բիզնես մտածելակերպի վրա: Արդյոք ազդո՞ւմ է: 

 

Ինչո՞վ են Հայաստանի մարզերը տարբերվում մեկը մյուսից։ Համարյա ամեն ինչով՝ իջեւանցու պրագմատիզմը, արմավիրցու երեւակայությունը, մարտունեցու ռիսկայնությունը, արցախցու նպատակասլացությունը, մեղրեցու սառը դատողությունը… Այս ամենն ավելի քան ակնհայտ է: 

 

Իմ կարծիքով՝ այս ամենն արտացոլվում է նաեւ բիզնեսի մեջ։ Ով ինչպես է պատկերացնում բիզնեսը, ով ինչպես է կառավարում բիզնեսը, ով ինչպես է բիզնես անում։

 

Երբ գրում էի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը, առաջինը, որ մտքովս անցավ հետեւյալ տողերն էին. «Հայաստանից լավ տեղ չկա: Ով ինչ ուզում է ասի, ես համոզված եմ սրանում: Հայաստանը բիզնեսի երկիր է»:

 

 

Այս նախագծի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները, որոնք բնութագրում են հենց այդ մարզը, տարածքը, բնակավայրը:

 

Ես, լինելով Հայաստանի հարյուրավոր բնակավայրերում, ճանաչելով հազարավոր մարդկանց, ունենալով միլիոնավոր հույզեր, կփորձեմ ձեզ հետ կիսել իմ պատկերացումները յուրաքանչյուր մարզի բիզնես դեմքի մասին։ 

 

ՆՄԱՆ ՈՒ ՏԱՐԲԵՐ ՇԻՐԱԿԸ

 

Ամեն անգամ, երբ այցելում եմ Շիրակի մարզ, երկակի զգացողություն եմ ունենում: Մի կողմից՝ այն ամբողջությամբ ասոցացվում է Գյումրիի հետ. կարծես ամեն ինչ միատարր է: Երբ խոսում ես Շիրակի մարզի մասին, առաջինը, որ մտքիդ գալիս է, Գյումրին է: Մյուս կողմից էլ՝ մարզը զարմացնում է իր բազմազանությամբ. Արթիկը, Ջաջուռը, Ամասիան… Ավելի շատ կարելի է տարբերություններ գտնել, քան նմանություններ:

Ու այդ երեք հիմնական տարածաշրջաններն էլ՝ Ամասիա-Աշոցքը, Գյումրին եւ Արթիկ-Մարալիկը, թելադրում են իրենց օրակարգերը, որոնք արտահայտված են նաեւ բիզնեսի ոլորտում:

 

 

 

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՏՈՒՖԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ

 

Երեւանից դեպի Շիրակի մարզ ճանապարհին առաջինը Արթիկ-Մարալիկ երկյակն է: Երեւանի վարդագույն լինելը Արթիկի շնորհքն է: Արթիկի տուֆի հանքերը հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլ նրանից դուրս՝ ԱՊՀ երկրներ, Եվրոպա, ԱՄՆ: Արթիկը մեկ այլ առավելություն էլ ունի։ Դա քաղաքի դիրքն է, որին երկու կողմից հասանելի են ռազմավարական, միջպետական ճանապարհները. Երեւան-Գյումրի-պետական սահման՝ բազմաչարչար «Հյուսիս-հարավ» ճանապարհի մի հատվածը, եւ դեպի Վանաձոր, Ալավերդի, Բագրատաշեն տանող ճանապարհը։

 

 

ԳՅՈՒՄՐԻՆ ԿՈՆՏՐԱՍՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ Է

 

«Իսկ դուք այստեղ բիզնես ունե՞ք»,- այս հարցն ինձ միայն Գյումրիում են տալիս, երբ որեւէ դասընթաց կամ խորհրդատվական նախագիծ եմ իրականացնում: Ցանկանում են հասկանալ՝ վստահե՞լ, թե՞ ոչ, ցանկանում են պարզել՝ իրենցի՞ց ես, թե՞ ոչ: Վստահությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ իր շրջապատ թողնելը, գյումրեցու համար ամենակարեւոր գործոնն է:   

 

Գյումրին էմոցիաների եւ կոնտրաստների քաղաք է: Երբ «Լոֆթ»-ում բիզնես սկսելու դասընթաց է, դիմացի շենքում վարկ են վերցնում՝ «յոլա գնալու» համար: Երբ քայլում ես քարուքանդ փողոցներով, բայց կողքդ գեղեցիկ նախշաքարերով շինություններ են՝ աչք շոյող դռներով: Երբ հիանում եւ մոտիվացվում ես Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի երիտասարդներով, իսկ դիմացի այգում պարապ թրեւ են գալիս մեկ այլ տեսակի «ջահելներ»: Ամալյա Թումասյանը՝ «Լոֆթ Գյումրի»-ի տնօրենը, մի անգամ հետաքրքիր միտք ասաց, որ գյումրեցի երիտասարդը տարբեր է «Լոֆթ»-ի մեջ եւ դրանից դուրս: Դրսում մտահոգ են, իսկ երբ դռնից ներս են մտնում, դեմքին ժպիտ է հայտնվում:

 

Գյումրեցին իր կարծիքն անպայման պետք է հայտնի, նույնիսկ այն դեպքում, երբ դրա մասին նրան ոչ ոք չի հարցնում: Գյումրիում՝ բանկերից մեկում դասընթաց էինք անում, սրահում նստած ոստիկանը լսեց-լսեց, ընդմիջմանը մոտեցավ ինձ ու ասաց. «Ընպես չէ, որ քո ասածների հետ համաձայն եմ»:

 

Անկախ ամեն ինչից, ես ինձ Գյումրիում լավ եմ զգում: Գյումրին հնարավոր չէ չսիրել:

 

 

ԳՅՈՒՄՐԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՔԱՂԱՔ Է

 

Գյումրին կարող է բիզնեսով շնչել: Բարեբախտաբար, արդեն սկսել է…Խոսքը լուրջ, ապագային ուղղված, առաջատար տեխնոլոգիաներով զինված բիզնեսի մասին է: Մի քանի տարի առաջ «Գյումրի հիմնադրամի» պատվերով BSC-ն հետազոտական եւ խորհրդատվական նախագիծ էր իրականացնում՝ «Գյումրին մշակութային տուրիզմի կենտրոն» թեմայով: Ահռելի մեծ հնարավորություններ կան, նույնիսկ չբացահայտված: Մշակույթների եւ արհեստների քաղաքը կարող է վերածվել հզոր տուրիստական կենտրոնի: Ու շատ արագ:

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) շնչառություն հաղորդեց քաղաքին այն ժամանակ, երբ ամեն ինչ թվում էր անհույս: Սա մեծ հնարավորություն է քաղաքի համար, ներգրավելու հայկական եւ արտասահմանյան ՏՏ ոլորտի խոշոր բիզնեսների: Գործընթացն արդեն սկսվել է՝ շնորհիվ EIF-ի եւ անձամբ Ամալյա Եղոյանի:

 

Սկսվել են դանդաղորեն վերականգնվել թեթեւ արդյունաբերության երբեմնի ձեռքբերումները: Երբ ապրիլին Գյումրիում էի, այցելեցի «Զաքարյան» ընկերության հիմնադրած ջինսերի արտադրություն. 80-ից ավելի աշխատատեղ, արտահանմանն ուղղված արտադրատեսականի, որակյալ արտադրանք: Ինչ հպարտությամբ էին հիմնադիրներն ու աշխատողները պատմում արտադրության մասին, ինչ պատասխանատվություն էին զգում աշխատանքի հանդեպ, ինչ զգուշությամբ էին վերաբերվում թանկարժեք սարքավորումներին: Երբ ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը պատմում էր ռազմավարության մասին, արդեն պարզ էր, որ այն հաջողություն է ունենալու:

Գյումրիում գործող բիզնեսներից քչերն են մտածում ռազմավարության մասին: Բայց պետք է:

 

 

 

ԴԵՊԻ ԲԱՎՐԱ

 

Դեպի հյուսիս տարածվող շրջանները՝ Ամասիան ու Աշոցքը, ավելի հիշվում են խստաշունչ ձմեռներով եւ կաթի վերամշակմամբ. երկու առավելություն, որ պետք է օգտագործել: ԵՄ-ն արդեն նախագծեր է սկսել իրականացնել՝ Ամասիան ձմեռային հանգստի եւ մարզաձեւերի կենտրոն դարձնելու ուղղությամբ: «Բանդեւան»-ի եւ «Իգիթ»-ի կաթնամթերքն էլ, հատկապես՝ պանիրները, միայն բարձր որակի հետ են ասոցացվում:

 

Բայց այս տարածաշրջանում կան նաեւ այլ հնարավորություններ: Օրինակ, շատ քիչ են օգտագործվում սարերի բարիքները՝ բնական թեյերի եւ դեղաբույսերի հավաքման եւ փաթեթավորման առումով: Մասնագետներն ավելի հստակ կասեն, բայց կարծեմ՝ Ամասիայի եւ Աշոցքի սարերում կան բույսեր, որոնք եզակի են Հայաստանի համար:

 

 

Տեքստիլ արդյունաբերությունը կարող է լինել եւս մեկ զարգացման ուղղություն, հատկապես՝ քաղաքային համայնքներում: Իսկ գյուղական շրջաններում անասնապահությունն ու հատկապես, ոչխարաբուծությունը, անսահման հնարավորություններ ունեն:

 

 

ԱՊԱԳԱՅԻՆ ՆԱՅԵԼՈՎ

 

Շիրակի մարզի տնտեսությունը, իմ կարծիքով, մեծ հնարավորություններ ունի վերականգնելու պատմական ցուցանիշները, երբ այն համարվում էր Հայաստանի տնտեսության 2-րդ խոշորագույն կենտրոնը: Առաջնահերթ խնդիրը ճանապարհների վերականգնումն է: Մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ շատ մեծ հույսեր կարելի է կապել: Չնայած, այն դեռ պետք է կառուցվի: Եթե ճանապարհները կառուցվեն, հավատում եմ, որ մարզն աննկարագրելի մեծ արագությամբ զարգանալու է ու միայն ներքին ռեսուրսների հաշվին: Մյուս կողմից էլ՝ մարզն արդեն հետաքրքիր է դառնում արտաքին ներդրողների համար: Մարզը, շնորհիվ ԱՏՁՄ-ի կողմից բացվող «Արմաթ» լաբորատորիաների եւ վերոնշյալ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, կարող է էական դեր ունենալ հայկական տեխնոլոգիական առաջընթացի գործում:

 

Տուրիզմի տեսանկյունից, եթե ասել՝ կան հնարավորություններ, նշանակում է` ոչինչ չասել: Բուսական աշխարհը, լանդշաֆտների առանձնահատկությունները, պատմական հուշարձանների բազմազանությունը, արհեստագործական հնարավորությունները միայն մի փոքր մասն են, որ կարող են խթանել տուրիզմի արագ աճը եւ զարգացումը մարզում:

 

 

Արկածային եւ ձմեռային տուրիզմն էլ, հատկապես՝ մարզի հյուսիսում, ամենագրավիչներից մեկը կարող է դառնալ Հայաստանում: Ներդրումներ ներգրավելու պարագայում Լագեռ կոչվող տարածքն էլ, որն ունի ծաղկաձորյան կլիմա, կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն, այսպես ասած՝ երկրորդ Ծաղկաձոր:

 

Շատ մեծ հեռանկարներ ունի նաեւ սոցիալական ձեռնարկատիրության ապագան: Հայաստանում առաջին՝ «Արեգակ» ներառական սրճարանը դրա լավագույն օրինակն է: