Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Սյունիք

Այս տարի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) նշում է հիմնադրման 25-ամյակը: Լինելով Հայաստանում առաջին բիզնես խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունը՝ 25 տարիների մեծ մասը կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են մարզերում: 

BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը» հեղինակային նախագծի միջոցով Banks.am-ում կներկայացնի Հայաստանի բոլոր մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները:

***


Ես անձամբ Հայաստանում շատ եմ ճամփորդում: Գործի բերումով, նաեւ հետաքրքրությունից ելնելով: Անընդհատ ճանապարհներին եմ: Լինում է տարի, որ ամբողջ ընթացքում մարզերում եմ, օրինակ՝ 2018-ին, երբ Վանաձորից գնում էի Գավառ, հետո Գորիս, Իջեւան, մի քանի օրից՝ Ստեփանակերտ: Ու այսպես շարունակ:

 

Երեւանը կարծես հյուրանոց լինի: Ընթացքում մտնում եմ գիշերելու, ճամպրուկս թարմացնելու ու կրկին ճանապարհ ընկնում: Ու այսպես 25 տարի: Այս ընթացքում եղել եմ Հայաստանի 880 համայնքում, գյուղում, բնակավայրում: 

 

ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՏԵԼԻՍ

 

Երբ հատում եմ մարզային սահմանները, մի կողմից՝ կարծես ոչինչ չի փոխվում, մյուս կողմից էլ՝ զգացողությունս հաստատ փոխվում է: Զգում ես այդ մարզի շունչը եւ տարբերությունները: Միշտ փնտրել եմ առանձնահատկությունները:

 

Ինչպե՞ս է գյումրեցին բիզնես անում: Իսկ վանաձորցի՞ն, գորիսեցո՞ւ մասին ինչ կասեք: Ավելի գլոբալ հարց տամ. ինչպե՞ս է բնակության վայրը կամ մարզային պատկանելությունն ազդում բիզնես անելու ոճի եւ բիզնես մտածելակերպի վրա: Արդյոք ազդո՞ւմ է: 

 

Ինչո՞վ են Հայաստանի մարզերը տարբերվում մեկը մյուսից։ Համարյա ամեն ինչով՝ իջեւանցու պրագմատիզմը, արմավիրցու երեւակայությունը, մարտունեցու ռիսկայնությունը, արցախցու նպատակասլացությունը, մեղրեցու սառը դատողությունը… Այս ամենն ավելի քան ակնհայտ է: 

 

Իմ կարծիքով՝ այս ամենն արտացոլվում է նաեւ բիզնեսի մեջ։ Ով ինչպես է պատկերացնում բիզնեսը, ով ինչպես է կառավարում բիզնեսը, ով ինչպես է բիզնես անում։

 

Երբ գրում էի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը, առաջինը, որ մտքովս անցավ հետեւյալ տողերն էին. «Հայաստանից լավ տեղ չկա: Ով ինչ ուզում է ասի, ես համոզված եմ սրանում: Հայաստանը բիզնեսի երկիր է»:

 

 

Այս նախագծի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները, որոնք բնութագրում են հենց այդ մարզը, տարածքը, բնակավայրը:

 

Ես, լինելով Հայաստանի հարյուրավոր բնակավայրերում, ճանաչելով հազարավոր մարդկանց, ունենալով միլիոնավոր հույզեր, կփորձեմ ձեզ հետ կիսել իմ պատկերացումները յուրաքանչյուր մարզի բիզնես դեմքի մասին։ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՆԱՐԱՆԸ

 

Դժվար է նկարագրել, թե որքան եմ սիրում Սյունիքը: Միշտ անհամբեր եմ, թե երբ եմ հերթական անգամ հատելու Սիսիանի դարպասները եւ բռնելու Սյունիքի` անվերջ թվացող ճանապարհները: Այն Հայաստանի «ամենաերկար» մարզն է` հյուսիսից մինչեւ Արաքս գետը ձգվելով 145 կմ: Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի մայրուղում կարելի է հանդիպել ամեն ինչի՝ լեռներ, ձորեր, գետեր եւ հովիտներ: Կան ամիսներ, երբ այդ ճանապահին մի քանի ժամվա ընթացքում տեսնում ես տարվա 4 եղանակները՝ Սիսիանի սառնաշունչ ձմեռը, Գորիսի գարնանային մառախուղը, Կապանի աշնանային թարմությունը եւ Մեղրիի ամառային տապը:

 

 

Լինելով Հայաստանի ամենահարավային մարզը՝ Սյունիքն իսկական հենարան է երկրի համար: Իրանի հետ սահմանը մարզին տալիս է բացառիկ հնարավորություն՝ կարեւոր դեր ստանձնելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Մարզի կայունությունն ու ռազմավարական զարգացումը մեծապես կախված է այս սահմանից եւ միջպետական ճանապարհից: Իսկ երբ նայենք քարտեզին, Սյունիքի դերակատարումն ավելի է հզորանում՝ տարածաշրջանային իմաստով:

 

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴՐԱԽՏ

 

Սյունիքում զբոսաշրջիկների համար ամեն ինչ կա՝ բնություն, պատմություն, երկրաբանություն, լեռնագնացություն, էկոտուրիզմ, գյուղական տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ, գաստրոտուրիզմ, կրոնական տուրիզմ, մշակութային տուրիզմ: Տարբեր հետաքրքրությունների ու տարիքի այցելուների համար այն իսկապես դրախտ է: Բնության տեսանկյունից Սյունիքը Հայաստանի ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906 մ) եւ ամենացածր (Մեղրու կիրճում` 375 մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500 մ է՝ ավելի շատ, քան որեւէ այլ մարզում: Որոտան գետը եւ կիրճը, Շաքիի ջրվեժը, Արաքս գետն ու հովիտը, Իշխանասար եւ Խուստուփ գագաթները, Մեղրիի անտառները անսահմանափակ հնարավորություններ են տալիս ակտիվ, լեռնագնացային տուրիզմի զարգացման համար։

 

 

Սյունիքն առատ է նաեւ ստորերկրյա քաղցրահամ, հանքային թերմալ ջրերով, որոնցից են Սիսիան-Ուռուտյան, Լիճք-Տաշտունյան, Քարաշեն-Խոզնավարյան հանքային աղբյուրները։ Որոտան գյուղի մերձակայքում գտնվող «տաք ջրերը», խելացի օգտագործելու պարագայում, կարող են դառնալ ամենահայտնի վայրերից մեկը՝ մարզում հիմք դնելով առողջարանային տուրիզմին։ Պատմամշակութային եւ կրոնական տուրիզմի լավագույն վայրերն են Տաթեւի համալիրը, Տաթեւի Մեծ Անապատը, Սատանի կամուրջը, Խնձորեսկի եւ Հին Գորիսի քարանձավները, Աղիտու կոթողը, Որոտնավանքը, Որոտնաբերդը, Սիսավանի եկեղեցին, Վահանավանքը, Մելիք Թանգիի կամուրջը, Դավիթ Բեկի բերդը: Ուխտասարի ժայռապատկերները եւ Զորաց քարերը կարող են հիմնական շարժիչ ուժը դառնալ՝ գրավելով տասնյակ հազարավոր արտասահմանցի հյուրերի:

 

 

Վերջին շրջանում մարզում շահագործման են հանձնվում խոշոր եւ փոքր տուրիստական նախագծեր, որոնք լրացուցիչ խթան են հանդիսանում ներքին եւ արտաքին տուրիստներ գրավելու հարցում։ «ՏաԹեւեր» ճոպանուղին կառուցվել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Այս տարի վերանորոգվել է նաեւ Շինուհայրից մինչեւ Տաթեւ գյուղ տանող ճանապարհը, որն ապահովում է այցելուների լրացուցիչ հոսք։ Խնձորեսկի կամուրջը դարձել է վերջին տարիների ամենաշատ լուսանկարված վայրը Հայաստանում։ Գորիսի մերձակայքում գտնվող «Սուրիկի ձոր» հանգստի գոտին եւս դառնում է զբոսաշրջիկների սիրելի վայրը, իսկ Հալիձորի ճանապարհին ընկած Խոտ գյուղը համարվում է հայկական «Մաչու Պիկչուն» եւ իսկական թաքնված գանձ է զբոսաշրջիկների համար:

 

 

Զբոսաշրջության զարգացման գործընթացում կարեւորվում է հուշանվերների շուկայի առկայությունը եւ զարգացումը։ Սա կարող է հիմք հանդիսանալ մի քանի տասնյակ փոքր արտադրությունների հիմնադրման, ինչպես նաեւ հազարավոր մարդկանց զբաղվածության ապահովման համար։ Սակայն մարտահրավերները շատ են, ներառյալ՝ սպասարկման բարձր մակարդակի շարունակական ապահովումը։ «Հին Հալիձոր» համալիրի հիմնադիր Նորայր Մկրտչյանն ասում է, որ «ոչ միայն պետք է զբոսաշրջիկին այնպես ընդունել, որ նա զգա իրեն ինչպես տանը, այլեւ գրագետ մատուցել այն, ինչ տվել է բնությունը, պատմությունը, մշակույթը»։

 

 

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՍԻՍԻԱՆՈՒՄ

 

Գյուղատնտեսության տեսանկյունից՝ ավանդաբար գոյություն ունեցող անասնապահական եւ հացահատիկների աճեցման ուղղություններին գալիս է լրացնելու այգեգործությունը: Վերջին տարիներին այս ուղղությունը սկսել է զարգանալ: Գլոբալ տաքացումը այստեղ է հասել՝ լուրջ հնարավորություններ ստեղծելով խնձորի, տանձի, սալորի եւ նույնիսկ ծիրանի այգիների համար: Վերջինիս դեպքում կարեւոր է սեզոնային գործոնը: Երբ ամբողջ հանրապետությունում ավարտվում է ծիրանի բերքահավաքը, Սիսիանում նոր կարող է սկսվել: Իշխանասարի դիմաց գտնվող՝ Արսեն Գալստյանի հիմնադրած այգիները ժամանակակից այգեգործության լավագույն օրինակը կարող են լինել: Այգիների հիմնադրումը կարող է լուրջ խթան լինել պահածոների, հյութերի արտադրամասերի համար, որոնք դեռ բավական քիչ են տարածաշրջանում: Մրգային չիփսերի արտադրության համար նույնպես հիանալի հիմքեր կան:

 

 

Մյուս ուղղությունը չրագործությունն է: Այս ոլորտում առաջինը Շամբի չրերի գործարանն է: Հաշվի առնելով ալպիական մարգագետինների առկայությունը՝ անասնապահությունը զարգացման լուրջ ներուժ ունի ոչ միայն խոշոր եղջերավոր, այլեւ ոչխարաբուծության ուղղություններով։ Նույնը կարելի է ասել ձկնաբուծության համար, որի համար բավարար ռեսուրսներ կան։ Մնում է՝ դրանք օգտագործել եւ ստանալ արդյունք։ Կաթի վերամշակման ձեռնարկությունները, որոնցից ամենահայտնին Սառնակունքի պանրի գործարանն է՝ «Սիսիան կաթ»-ը, կարող են ավելացնել արտադրության ծավալները կամ նոր արտադրատեսակներ ստեղծել: Սյունիքում նոր ու ժամանակակից գործարանների կարիք կա։ Տեխնոլոգիական լուծումներից բացի, թարմացում են պահանջում ձեռնարկությունների կառավարման համակարգերը։

 

 

Մյուս ուղղությունը ջերմոցային տնտեսություններն են: Հիմք ընդունելով աշխատուժի առկայությունը եւ նախալեռնային գոտիները՝ կարելի է համոզված ասել, որ նոր ջերմատնային ուղղությունն ապագայում կլինի շրջանի տնտեսության զարգացման միտումներից մեկը: Բնական ռեսուրսների առումով բավական մեծ պոտենցիալ կա ջրերի շշալցման գործարանների կառուցման եւ շահագործման տեսանկյունից: «Տատնի»-ի ջրի գործարանը դեռեւս միակն է, սակայն կարճ ժամանակահատվածում կարելի է մի քանի նոր շշալցման գործարան բացել՝ հաշվի առնելով լեռնային, աղբյուրի, քաղցրահամ ջրերի առատ առկայությունը շրջանում: Սարերում բավական մեծ է տարբեր բույսերի առկայությունը, որոնք կարող են որպես թեյատեսակ կամ դեղաբույս ծառայել: Ritea թեյերի արտադրությունը արդեն փաստ է ու մեծ համբավ ունի շուկայում։

 

 

Քարերի արդյունահանման ուղղությունը մշտապես եղել է Սյունիքում գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Սակայն վերամշակման տեսանկյունից դեռ շատ բան կա անելու՝ արտադրանքին լրացուցիչ արժեք ավելացնելու եւ այն ավելի թանկ վաճառելու առումով: Տեքստիլ արդյունաբերության համար կան հիմնավոր նախադրյալներ, քանի որ տարածաշրջանում արդեն նմանատիպ փորձառություն կա, որի արդյունքում կան որակյալ կադրեր: Հատկապես Սիսիան քաղաքի պարագայում՝ այն կարող է զբաղվածություն ապահովել քաղաքային բնակչությանը:

 

 

ԳՈՐԻՍՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե Գորիսը համարեմ Հայաստանի կարեւորագույն խաչմերուկներից մեկը, որից արեւելք ընկած է Արցախը, հարավ՝ Մեղրին, իսկ հյուսիսում մնացյալ Հայաստանն է: Այս հանգամանքն էլ հիմք է հանդիսանում, որ Գորիսը գործող եւ բացվող հյուրանոցների եւ հյուրատների թվով լինի Հայաստանի առաջատար դիրքերում: Անցյալ տարվա դրությամբ այնտեղ կար 60-ից ավելի հյուրանոց եւ հյուրատուն: Ու գործընթացը դեռ շարունակվում է։ Ամենաառաջին հյուրատներից մեկի՝ «Եղեւնուտ»-ի հիմնադիրներն անցած տարի կառուցեցին նոր հյուրանոց՝ «Մեղու» անվամբ՝ հաստատելով, որ այցելուների թիվը տարեցտարի ավելանում է ոչ միայն արտասահմանցիների, այլեւ հայաստանցիների հաշվին։

 

 

Տուրիզմով է պայմանավորված Գորիսի տնտեսությունը: Գորիսը Հայաստանի այն բացառիկ բնակավայրերից է, որտեղ նույն օրը հնարավոր է ավելի շատ խաչմերուկը հատող զբոսաշրջիկների հանդիպել, քան տեղացիների: Քանի որ այս ոլորտն արդեն քննարկել ենք, տուրիզմի ոլորտին նայենք այլ տեսանկյունից: Տուրիզմի զարգացումը կարող է լուրջ խթան հանդիսանալ հարակից ուղղությունների զարգացման համար: Մասնավորապես, մեծ թվով հյուրանոցներն ու հյուրատները պետք է դիտարկել որպես հաճախորդ՝ նրանց մատուցելով համապատասխան ծառայություններ: Օրինակ, արդյունաբերական լվացքատները, հյուրանոցային պարագաների արտադրությունները, ներքին եւ արտաքին մաքրման ծառայությունները, սննդի մատակարարումը, կահույքագործությունը… Սրանք միայն մի քանի ոլորտ են, որոնք զարգացման լուրջ նախադրյալներ ունեն:

 

 

Ընդհանրապես, Գորիսում հիմնադրվել են մեծ թվով տարբեր ոլորտներ ներկայացնող փոքր արտադրություններ, որոնք կարող են, որոշակի փոփոխությունների ենթարկվելով, աշխատել նաեւ տուրիզմը սպասարկող ուղղությունների վրա: Շատ հասարակ մի գաղափար: Հիմնական փողոցներում աշխատում են մեծ թվով թոնրատներ, որոնք, սակայն, փաթեթավորման տեսանկյունից դեռ թերանում են: Սիսիանի դեպքում բնական թեյերի արտադրությունը կարող է լինել ռազմավարական ուղղություններից մեկը: Հաջողակ օրինակներից է «Սարի թեյ»-ը, որն արդեն արտահանվում է Գերմանիա։

 

 

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆԸ

 

Կապանը Հայաստանի մարզկենտրոններից ամենահեռավորն է, մայրաքաղաք Երեւանից՝ մոտ 320 կմ: Սա, մի կողմից, սահմանափակում է քաղաքի զարգացման հնարավորությունները, մյուս կողմից էլ՝ զարգացման հիմք ծնում: Կապանը երիտասարդական եւ ապագային միտված քաղաք է, որը կարող է հեռավորության խնդիրը վերածել հնարավորությունների: Լինելով Հայաստանի կարեւորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը՝ ներկայում Կապանը փորձում է վերականգնել ունեցածը: Մայիսին բացվեց պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամասը՝ «Պլաստշին»-ը։ Թեթեւ արդյունաբերական նոր ձեռնարկությունների հիմնադրմանն ուղղված ներդրումները բավական լուրջ նախագծեր կարող են լինել:

 

 

Հաշվի առնելով շրջանի մեղմ կլիման (ձմռանը միջինը՝ 0, իսկ ամռանը՝ 25 աստիճան)՝ բարձրարժեք գյուղատնտեսության առումով մեծ ապագա է սպասվում: Կապանի տարածաշրջանում զարգացման միտումներ կան՝ թանկարժեք մրգօղիների արտադրության տեսանկյունից: Կապանի օգանավակայանի վերագործակումն էլ կնվազեցնի հեռավորության գործոնի ազդեցությունը՝ նոր հորիզոններ բացելով Կապանի զարգացման համար:

 

 

ՀՐԱՇՔ ՄԵՂՐԻՆ

 

Սյունիքը Հայաստանի հենարանն է, իսկ Մեղրին՝ Սյունիքի: Ես անձամբ Մեղրին համարում եմ Հայաստանի կարեւորագույն տարածաշրջանը՝ բոլոր առումներով: Մեղրին իր ուրույն դեմքն ունի: Այն ասոցացվում է համեղ մրգերի, Արաքս գետի եւ շոգի հետ: Մեղրիի թուզը, նուռն ու արքայանարինջը դարձել են իսկական բրենդ: Բոլոր տեսակի թանկ մրգերը վաճառվում են Մեղրիի անվան տակ: Իսկ Արաքսի մասին խոսելն ավելորդ է, տեսնել է պետք: Ափսոս միայն, որ հայկական կողմից անհնար է մոտենալ գետին:

 

 

Մեղրիի զարգացման առումով գոյություն ունի երեք կարեւորագույն ուղղություն: Առաջինն այգեգործությունն է, որն ավանդաբար զարգացած է եւ շարունակում է զարգանալ: Նոր՝ թե՛ տեղացի, թե՛ արտասահմանյան ներդրողներ են գալիս Մեղրի՝ նոր այգիներ հիմնելու նպատակով: Թարմ միրգը Մեղրիի դեմքն է: Երկրորդը, որպես հետեւանք, վերամշակման ուղղությունն է: Պահածոների արտադրամասերը, չրերի արտադրությունները եւ այլ ուղղությունները կարող են տեղում վերամշակել եւ ստեղծել պատրաստի արտադրանք: Երրորդ ուղղությունը լոգիստիկան է: Մեղրիի ազատ տնտեսական գոտին լրջագույն հնարավորություն է՝ զարգացնելու միջպետական առեւտուրը: Տարածաշրջանում զարգացման միտումներ կան սառնարանային տնտեսությունների զարգացման, ինչպես նաեւ հանրապետական նշանակության հավաքագրման, փաթեթավորման եւ առաքման կենտրոնների զարգացման առումով:

 

 

ՍՅՈՒՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ

 

Մենք այլընտրանք չունենք. զարգացնե՛լ Սյունիքը կամ աջակցե՛լ այդ գործընթացին: Նրա նշանակությունը Հայաստանի համար անգնահատելի է, ու արդեն նշել եմ, թե ինչու: Սակայն ամեն ինչի հիմքում տնտեսությունն է, որի զարգացումը կնպաստի բնակչության զբաղվածությանն ու եկամուտների ավելացմանը: Իհարկե, մարզում զարգացած է հանքարդյունաբերութունը, որի ամենանշանակալի օրինակներն են Ագարակի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատներն ու «Չաարատ Կապան»-ը (նախկին «Դինո Գոլդ»), որոնք մեծ թվով աշխատատեղեր են ստեղծում։ Մյուս կողմից էլ՝ ամեն ջանք պետք է ներդնել արժեք ավելացնող ճյուղերի զարգացման համար:

 

 

Պետք է խելացի օգտագործել նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների ակտիվ գործունեությունը մարզում: Նրանց դերը բավականին մեծ է տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման առումով: Պետության դերը ենթակառուցվածքների բարելավմանը զարկ տալն է, իսկ մասնավոր հատվածն արագորեն կարձագանքի այդ փոփոխություններին, ու կհայտնվեն նորանոր ներդրողներ: