Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Տավուշ

Այս տարի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) նշում է հիմնադրման 25-ամյակը: Լինելով Հայաստանում առաջին բիզնես խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունը՝ 25 տարիների մեծ մասը կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են մարզերում: 

BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը» հեղինակային նախագծի միջոցով Banks.am-ում կներկայացնի Հայաստանի բոլոր մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները:

***


Ես անձամբ Հայաստանում շատ եմ ճամփորդում: Գործի բերումով, նաեւ հետաքրքրությունից ելնելով: Անընդհատ ճանապարհներին եմ: Լինում է տարի, որ ամբողջ ընթացքում մարզերում եմ, օրինակ՝ 2018-ին, երբ Վանաձորից գնում էի Գավառ, հետո Գորիս, Իջեւան, մի քանի օրից՝ Ստեփանակերտ: Ու այսպես շարունակ:

 

Երեւանը կարծես հյուրանոց լինի: Ընթացքում մտնում եմ գիշերելու, ճամպրուկս թարմացնելու ու կրկին ճանապարհ ընկնում: Ու այսպես 25 տարի: Այս ընթացքում եղել եմ Հայաստանի 880 համայնքում, գյուղում, բնակավայրում: 

 

ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՏԵԼԻՍ

 

Երբ հատում եմ մարզային սահմանները, մի կողմից՝ կարծես ոչինչ չի փոխվում, մյուս կողմից էլ՝ զգացողությունս հաստատ փոխվում է: Զգում ես այդ մարզի շունչը եւ տարբերությունները: Միշտ փնտրել եմ առանձնահատկությունները:

 

Ինչպե՞ս է գյումրեցին բիզնես անում: Իսկ վանաձորցի՞ն, գորիսեցո՞ւ մասին ինչ կասեք: Ավելի գլոբալ հարց տամ. ինչպե՞ս է բնակության վայրը կամ մարզային պատկանելությունն ազդում բիզնես անելու ոճի եւ բիզնես մտածելակերպի վրա: Արդյոք ազդո՞ւմ է: 

 

Ինչո՞վ են Հայաստանի մարզերը տարբերվում մեկը մյուսից։ Համարյա ամեն ինչով՝ իջեւանցու պրագմատիզմը, արմավիրցու երեւակայությունը, մարտունեցու ռիսկայնությունը, արցախցու նպատակասլացությունը, մեղրեցու սառը դատողությունը… Այս ամենն ավելի քան ակնհայտ է: 

 

Իմ կարծիքով՝ այս ամենն արտացոլվում է նաեւ բիզնեսի մեջ։ Ով ինչպես է պատկերացնում բիզնեսը, ով ինչպես է կառավարում բիզնեսը, ով ինչպես է բիզնես անում։

 

Երբ գրում էի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը, առաջինը, որ մտքովս անցավ հետեւյալ տողերն էին. «Հայաստանից լավ տեղ չկա: Ով ինչ ուզում է ասի, ես համոզված եմ սրանում: Հայաստանը բիզնեսի երկիր է»:

 

 

Այս նախագծի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները, որոնք բնութագրում են հենց այդ մարզը, տարածքը, բնակավայրը:

 

Ես, լինելով Հայաստանի հարյուրավոր բնակավայրերում, ճանաչելով հազարավոր մարդկանց, ունենալով միլիոնավոր հույզեր, կփորձեմ ձեզ հետ կիսել իմ պատկերացումները յուրաքանչյուր մարզի բիզնես դեմքի մասին։ 

 

ՏԱՎՈՒՇԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄԱՐԶ Է

 

Մարզը յուրահատուկ է, առաջինը՝ իր աշխարհագրական դիրքով: Ամեն անգամ, երբ Սեւանի կողմից մտնում եմ թունել, սկսվում են հրաշք տեսնելու հերթական սպասումները՝ դիլիջանյան անտառային բնապատկերների տեսքով: Երկրորդ, առանձնահատուկ է մարզի ռելիեֆը՝ ծովի մակարդակից տեղակայվելով 380 մ-ից մինչեւ 3000 մ բարձրության վրա: Մարզի ամենացածր կետը է Դեբեդավան գյուղի մոտ է, ամենաբարձրը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է:

 

 

Տավուշի մյուս յուրահատկությունը մարզում ներառված չորս շրջանների առանձնահատկություններն ու բազմազանությունն են: Ավելի հեշտ է Դիլիջանի, Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի միջեւ տարբերություններ գտնել, քան նմանություններ: Նույնը մարզի բնակիչների պարագայում է: Ապրելով մի մարզում՝ նրանք շատ տարբեր են՝ բնավորությամբ, մտածելակերպով, մոտեցումներով: Ասում են, որ մարդկանց բնավորությունները հղկվում են բնության կողմից: Տավուշում դա ավելին քան ցայտուն է արտահայտված: Երբ հանդիպում եմ տավուշցու, մեկ ակնթարթ անց մեծ հավանականությամբ բացահայտում եմ, թե որ շրջանից նա կարող է լինել: Տնտեսության կառուցվածքի տեսանկյունից էլ կան չափազանց ցայտուն տարբերություններ՝ հաշվի առնելով տուրիզմի, գյուղատնտեսության եւ արդյունաբերության կարեւորությունն այս կամ այն շրջանի համար:

 

 

ԴԱՐՊԱՍՆԵՐ ԴԵՊԻ ԱՇԽԱՐՀ

 

Տավուշի մարզը, սկսվելով Դիլիջանի թունելից, բաժանելով այն Գեղարքունիքի մարզից, ավարտվում է Բագրատաշենում՝ Վրաստանի հետ սահմանով: Մյուս կողմից՝ այն դարպաս է դեպի արտաքին աշխարհ՝ լինելով կապող օղակ Հայաստանի եւ Եվրոպա ու Ասիա աշխարհամասերի հետ: Դա ոչ միայն քաղաքական, այլեւ հզոր տնտեսական գործոն է՝ ապահովելով Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի կողմից արտադրված ապրանքների արտահանման անխափանությունը: Արեւմուտքում Տավուշի հարեւանը Լոռին է, իսկ արեւելքում հարյուրավոր կիլոմետրեր ձգվող սահմանն է Ադրբեջանի հետ: Տավուշն իրավամբ կարելի է համարել սահմանապահ մարզ՝ հաշվի առնելով տասնյակ բնակավայրերի տեղակայվածությունը հենց սահմանի վրա:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՄԱՐԶՈՒՄ

 

Օրենսդրական ու հարկային բազմաթիվ արտոնությունները հնարավորություն են տալիս զարգացնելու սահմանապահ գյուղերի տնտեսությունն ու համայնքային ենթակառուցվածքները: Ներկայում Տավուշի գյուղերում մեծ թափ է հավաքում սոցիալական ձեռնարկատիրությունը՝ ապահովելուվ երիտասարդների ակտիվությունն ու համայնքների ճանաչելիության բարձրացումը: Իսկ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում երիտասարդները որպես ուսուցիչ աշխատում են նաեւ սահմանամերձ գյուղերի դպրոցներում՝ զարգացման մեծ հնարավորություններ ընձեռելով գյուղերին: Ֆեյսբուքյան ընկերներիցս Անդրանիկ Մանուկյանը, որը գոնե ինձ համար արդեն Մովսես գյուղից է, սոցիալական եւ տնտեսական ուղղվածության մեծ թվով ծրագրեր է նախաձեռնում՝ սահմանապահ այդ գյուղի առաջխաղացման նպատակով:

 

 

ԲԻԶՆԵՍ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Երբ հունիսի 22-ին Դիլիջանում անցկացված Տավուշի մարզի ներդրումային համաժողովում մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացնում էր մարզը, ես, արդեն մի քանի տասնյակ անգամ լինելով Տավուշում, զարմացա մարզի թաքնված հնարավորությունների վրա, որոնք դեռեւս չեն օգտագործվում: Մարզի յուրաքանչյուր շրջանն ունի մնացածից տարբերվող եւ միայն իրեն հատուկ բնութագրիչներ: Դիլիջանը մեծ ճանաչում ունի որպես առողջարան՝ ապահովելով մեծ թվով հովեկների հոսքը դեպի քաղաք: Իջեւանը դեռ ԽՍՀՄ ժամանակներից սկսեց ձեւավորվել որպես փոքրիկ ժամանակակից քաղաք, որտեղ հիմնական դեր կարող է կատարել կրթությունն ու արվեստը՝ դիրքավորելով այն որպես գետափնյա, կանաչապատ, երիտասարդ քաղաք:

 

 

Բերդի պատմական հարուստ անցյալին գումարվում են մեծ հնարավորությունները խաղողագործության ոլորտում: Իսկ Նոյեմբերյանի մրգերը, հատկապես՝ դեղձը, հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՊՀ շատ երկրներում:

 

 

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՏԱՎՈՒՇԸ

 

Տավուշը, գտնվելով միջպետական հիմնական ճանապարհի վրա, դարձել է Հայաստանի կարեւորագույն տուրիստական հանգրվաններից մեկը: Գլխավորներից է, իհարկե Դիլիջանը, որը Հայաստանի տնտեսական քարտեզում դիրքավորված է որպես տուրիզմի առաջատար կենտրոն: Եթե Հայաստանի բնակիչներին հանպատրաստից հարց տանք, թե որտեղ կցանկանաք հանգստանալ Հայաստանում, առաջիններից մեկը կնշեն Դիլիջանի անունը:

 

 

Ընդ որում, վերջին տարիներին այն դարձել է ոչ միայն տեղացիների, այլեւ զբոսաշրջիկների ամենացանկալի քաղաքներից մեկը: Հիանալի բնությունը, 100-ից ավելի հյուրատները, փոքր ու մեծ հյուրանոցները, առողջարանները գրավիչ են դարձել տուրիզմի տարբեր ուղղություններ նախընտրող անձանց համար: Վերջին երկու տարվա ընթացքում բացվել են նաեւ նոր ռեստորաններ եւ սրճարաններ, որոնք լրացուցիչ խթան են տուրիստների նորանոր հոսքեր ապահովելու համար: Միշտ էլ դժվարությամբ եմ ընտրել, թե Դիլիջանում որտեղ կարելի է համեղ կերակուր գտնել, նախկինում՝ ռեստորանների բացակայության, այժմ՝ նրանց առատության պատճառով: Օրինակ՝ «Քարահունջ»-ը մշտապես լի է արտասահմանցիներով, իսկ «Կճուճ»-ն ու «Լոշ»-ն առաջին ընտրության վայր են դարձել շատերի համար: Վերջիններիս հիմնադիր Վարդա Ավետիսյանի խոսքով, որը Հայաստան է վերադարձել ԱՄՆ-ից, ներկայում դեռ օգտագործվում է հսկա հնարավորությունների մի փոքր մասը միայն:

 

Շնորհիվ IDeA հիմնադրամի, ԵՄ տարբեր ծրագրերի եւ այլ գործընկերների, մի քանի միջազգային եւ տեղական նշանակության կրթական, գիտական, ֆինանսական եւ հետազոտական կենտրոնների կառուցումն ու շահագործումը քաղաքը սկսեցին դիրքավորել ոչ միայն որպես հանգստավայր, այլեւ կրթական տուրիզմի կենտրոն: Այս ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է. 2018թ. Դիլիջանում բացվեց Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: Վերջին տարիներին Դիլիջանին իսկական մարտահրավեր է նետել Ենոքավանը:

 

 

Չիբուխչյան ընտանիքի շնորհիվ «Ապագա Ռիզորթ» ակտիվ հանգստի ակումբը եւ Yell Extreme Park-ը դարձել են ամենացանկալի վայրը, հատկապես՝ երիտասարդների շրջանում: Ըստ Տիգրան Չիբուխչյանի՝ մի քանի տարվա ընթացքում նախատեսվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի տարածաշրջանային կենտրոն եւ հինգ անգամ ավելացնել այցելուների թիվը՝ այն հասցնելով մինչեւ 250 000-ի:

 

 

Մարզում լայնածավալ հնարավորություններ են բացվել ագրոտուրիզմի եւ էկոտուրիզմի համար: Երիտասարդները, նույնիսկ Երեւանից տեղափոխվելով մարզեր, բուռն գործունեություն են ծավալում զբոսաշրջության տրենդային ուղղությունների զարգացման համար: Գարիկ Փայտյանն ու Շամշադինում նրա հիմնադրած «Աշխարհի ծայրը» հյուրատունը լավագույն օրինակներից է: Աղավնավանքը՝ ի դեմս Ալեքս Ներսիսյանի եւ համայնքի ակտիվ երիտասարդների թիմի, հետ չմնալով այդ զարգացումներից, փորձում է իր ուրույն դերը ստանձնել տուրիզմի ալտերնատիվ ուղղությունների զարգացման գործում:

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՎՈՒՇԸ

 

Ըստ Հայաստանի գինեգործության միության նախագահ Ավագ Հարությունյանի՝ Հայաստանի գինու արտադրության պատմությունը սկսվել է Բերդի տարածաշրջանից: Մի շարք պեղումների շնորհիվ հայտնաբերված գտածոներն ապացուցում են այդ իրողությունը: Այս շրջանը կարող է իր դերակատարումն ունենալ նաեւ արդյունաբերական ծավալների մրգային օղիների արտադրության գործում: Նոյեմբերյանի այգիների մասին կարելի է անվերջ պատմել: Կարելի է կառուցել պահածոների փոքր արտադրամասերի ցանց, որոնք կվերամշակեն չորացած պտուղ-բանջարեղենը եւ կարտահանեն հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներ:

 

 

Սակայն խնդիր կա այգիների արդյունաբերական մշակման, բերքի իրացման եւ կառավարման տեսանկյունից: Մարզի անտառներում յուրաքանչյուր տարի աճում են մի քանի տեսակի հատապտուղներ: Ըստ Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հրապարակած հաշվետվության՝ Տավուշի անտառներում աճում է մոտ €300 մլն-ի հատապտուղ, որի մի փոքր մասն է օգտագործվում, այն էլ դույլերով վաճառվելով միջպետական ճանապարհներին: Ինչպես ասում են՝ «չկա չարիք առանց բարիքի»: Գլոբալ տաքացումները հանգեցրել են նրան, որ մարզի մի շարք բնակավայրերում սկսել են աճեցել արեւադարձային մրգեր եւ մշակաբույսեր: Մասնավորապես, մարզի Դիտավան համայնքում արդեն կիվի են աճեցնում, իսկ Նոյեմբերյանի մի քանի գյուղերում` բանան: Ճիշտ է, դեռ սիրողական մակարդակի, բայց կարծես թե ամեն ինչ առջեւում է:

 

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՏԱՎՈՒՇԸ

 

Ժամանակին Իջեւանը հանդիսացել է արդյունաբերական կարեւորագույն կենտրոններից մեկը, որտեղ տեղակայված են եղել հանրապետական եւ միութենական նշանակության հզոր արտադրություններ: Միայն «Բենտոնիտը» շատ բան արժեր: Ներկայում քայլեր են արվում մարզում արդյունաբերական հզորությունների մի մասը վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես, Բերդի տարածաշրջանի մի քանի համայնքներում արդեն գործում է «Տավուշ տեքստիլ» ձեռնարկությունը, որի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է:

 

 

Իջեւանը, գտնվելով մարզի սրտում, հիանալի հնարավորություն ունի՝ դառնալու լոգիստիկ կենտրոն: Մարզի ներդրումային համաժողովում հնչեց այն միտքը, որ Ազատամուտ համայնքը կարող է հավակնել այդ գաղափարների իրագործմանը: Թարմ մրգերը, գինիները, մրգային օղիները, պահածոները կարող են տեղում տեսակավորել, փաթեթավորել եւ արտահանվել բազմաթիվ երկրներ: Այն յուրատեսակ մարքեթինգային կենտրոն կարող դառնալ ոչ միայն մարզի, այլ ամբողջ Հայաստանի տնտեսության համար: Տավուշի ներդրումային ֆորումին ներկա էին տասնյակ տավուշցիներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, որոնք նախատեսում են տարբեր արտադրություններ հիմնել մարզում՝ մեծ աղբամանների, պահածոների, հյութերի եւ այլն: Այստեղ եւս անսահմանափակ ներուժ կա թաքնված:

 

Տավուշն իր յուրահատկություններով գրավում է ոչ հայաստանցիների, այլեւ մեծ թվով օտարերկրյա ներդրողների ուշադրությունը: Դա հաստատեց Լիբանանի Բեքաա նահանգի նահանգապետը՝ իր հետ Հայաստան բերելով հետաքրքրված ներդրողներ Լիբանանից: Նրանցից մեկն արդեն այգի է հիմնադրել Տավուշում: Մնում է այդ յուրահատկությունները գեղեցիկ փաթեթավորել, գրավիչ կերպով ներկայացնել, եւ անհավանական թվացող արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա: