Նպաստելով ձեռներեցության զարգացմանը` խոչընդոտենք պոտենցիալի արտահոսքին

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ENPARD-ի («Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագիր») «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության շրջանակներում «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Ավենյու Քոնսալթինգ գրուպ»-ը Հայաստանի Արագածոտն, Վայոց ձոր, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ և Լոռի մարզերի 110 ֆերմերների համար իրականացնում են արտադրող խմբերի բիզնես կարողությունների զարգացման դասընթացներ և մատուցում են բիզնես նախագծերի մշակման ծառայություններ:

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել արժեշղթա Հայաստանում ոչ ավանդական մշակաբույսի և հատապտուղների արտադրության համար, ինչի նպատակով վերոնշյալ մարզերում ստեղծվում են գյուղատնտեսական կոոպերատիվներ:

 

«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և «Ավենյու Քոնսալթինգ գրուպ»-ի կողմից իրականացվող յուրաքանչյուր դասընթացի տևողությունը կազմել է երկու օր, որի նպատակն է եղել զարգացնել մասնակիցների բիզնես և կառավարման հմտությունները:

Ծրագրի առաջին` դասընթացների փուլը, սկսվել է նոյեմբերի 26-ին և ավարտվել է դեկտեմբերի 2-ին: Երկրորդ փուլի շրջանակներում «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Ավենյու Քոնսալթինգ գրուպ»-ը մասնակիցներին աջակցելու են բիզնես նախագծերի մշակման գործընթացում:

Ըստ «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանի` տվյալ ծրագիրը հնարավորություն է ստեղծում խթանել Հայաստանում ներքին արտադրությունը, նպաստել ձեռներեցության զարգացմանը, ստեղծել նոր աշխատատեղեր և ամենակարևորը` նպաստել ֆերմերների պոտենցիալի զարգացմանն ու իրականացմանն իրենց հարազատ հողի վրա: