«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում» - կոնֆերանս Ստեփանակերտում

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության և «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ստեփանակերտում կազմակերպվել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում» խորագրով գիտագործնական կոնֆերանս:

 

Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահն ասել է, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է Արցախի դինամիկ զարգացումն ապահովող ճյուղերից մեկը՝ այս համատեքստում կարևորելով գիտաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների արդիականությունը: «Երբ մենք խոսում ենք սոցիալական պատասխանատվության մասին, իմ պատկերացմամբ այն իր մեջ պարունակում է ներտնտեսական և արտատնտեսական բաղադրիչներ: Շատ կարևոր է, որ տնտեսությունում ծավալված տնտեսվարող սուբյեկտներն իրենց գործունեությունը ծավալեն սոցիալական բաղադրիչը հաշվի առնելով»,-մասնավորապես նշել է նախագահը:

 

 

ԱՀ Նախագահի խորհրդական, երկրաբան, գիտագործնական կոնֆերանսի նախագահ Գրիգորի Գաբրիելյանցը՝ իր հերթին ողջունելով ներկաներին, կարևոր և անհրաժեշտ է համարել նման խորագրով Արցախում միջոցառում կազմակերպելը: «Այս կոնֆերանսի կազմակերպումն անհրաժեշտություն է, քանի որ այն հարթակ է, որտեղ մասնակիցները ծանոթանում են ոլորտի խնդիրներին և դրանց լուծման համար ներկայացնում իրենց տեսակետները»,- նշել է Գ. Գաբրիելյանցը:

 

Կոնֆերանսի մասնակից «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վահրամ Ավագյանը մեզ հետ զրույցում ասել է, որ «Բեյս Մեթըլս» ՓԲ ընկերության կողմից հիմնադրած իրենց կառույցի առջև ի սկզբանե խնդիր էր դրված ԱՀ-ում իրականացնել սոցիալական մի շարք ծրագրեր: «Պայմաններից մեկը եղել է այն, որ այդ ծրագրերն առավելագույնս համապատասխանեն համայնքների ակնկալիքներին: Մենք՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության անդամների ներուժը համագործակցաբար օգտագործում ենք հենց այդ ակնկալիքներին առավելագույնս համապատասխանեցնելու մեր գործունեությունը: Հիմնադրամը հրապարակել է աշխատանքների առաջնահերթությունները, և դրանց ուղղությամբ արդյունավետ գործունեության գիտական մոդելն ակնկալում ենք ստանալ այս գիտաժողովից: Մենք այս հարթակն օգտագործում ենք հասկանալու համար գիտական հանրության պատկերացումը՝ սոցիալական պատասխանատվության արդյունավետ մոդելների մասին, ինչպես նաև՝ զեկուցելու մեր արածի ու ծրագրածի մասին»,-ավելացրել է Վ. Ավագյանը: Նրա խոսքով՝ հիմնադրամը եռափուլ սոցիալկան պատասխանատվության ծրագրերի իրականացման նախնական հեռանկար ունի: Առաջին փուլում՝ իրականացվում են սոցիալական օբյեկտների շինարարություն, ենթակառուցվածքների բարեկարգում, որին զուգահեռ կյանքի են կոչում բարեգործական ծրագրեր՝ համայնքներում սոցիալական խոցելի խավերին օժանդակելու նպատակով: Երկրորդ փուլում՝ հիմնադրամի առջև խնդիր է դրված ուսումնասիրելու տնտեսվարող ինքնուրույն միավորների ստեղծման հնարավորությունները շահակից համայնքներում, և աստիճանաբար ստեղծելու սոցիալական ձեռներեցության մոդելներ, որոնք ավելի ինքնուրույն կդարձնեն այդ գործընթացները և ավելի կպակասի կախվածությունը:

 

«Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը՝ խոսելով «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. ռազմավարական մոտեցումներ հայկական կազմակերպությունների համար» թեմայի վերաբերյալ, ասել է, որ վերջին տարիներին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) նշանակությունը և կարևորությունը բիզնես միջավայրում էականորեն բարձրացել է, որը կարելի է համարել ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի գործարար շրջանակներին բնորոշ գործոն: «ԿՍՊ-ի վերաբերյալ ընկալումն աճել է, իսկ նրա տեսակների և կիրառության շրջանակները լայնացել: ԿՍՊ-ի կարևորությունը հասկանում են ինչպես ընկերությունների ղեկավարները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները, հանրային հատվածը և սպառողները: ԿՍՊ-ն կարող է ներդրումներ ունենալ բիզնեսների կայուն զարգացման, գործիքների կիրառման, սպառողների ձեռքբերման, ապրանքայնի նշանի ճանաչման երկարաժամկետ ռազմավարության իրականացման և աշխատակիցների ու հաճախորդների ավելի լայն ներգրավման գործընթացներում»,-հավելել է Ս. Գևորգյանը:

 

 

Կոնֆերանսին զեկույցներով հանդես են եկել ԱԵԳՄՄ նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանը, ԱԵԳՄՄ-ի անդամներ, ինչպես նաև ՀՀ-ից և ԱՀ-ից հրավիրված մասնագետներ: