«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում»

 

Մեկնարկել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրաիական Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» Ծրագրի երկրորդ շրջափուլը: Ծրագիրը հնարավորություն է ստեղծում Երևան և Իջևան քաղաքների երիտասարդների համար բացահայտել և զարգացնել իրենց ձեռնարկատիրական պոտենցիալը, քննարկել իրենց ձեռնարկատիրական գաղափարները, «ԲԻ Էս Սի» Բիզնեսի Աջակցման կենտրոնի փորձագիտական կազմի շարունակական խորհրդատվությամբ մշակել գործարար ծրագրեր: Ոչ ֆորմալ կրության հարթակ լինելուց բացի, Ծրագիրը հնարավորություն է տալիս Ծրագրի շրջանակներում մշակված գործարար ծրագրերը ներկայացնել դրամաշնորհի մրցույթի և ստանալ համապատասխան ձեռնարկությունների հիմնադրման ֆինանսավորում:

 

 

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» Ծրագիրը արդեն երկրորդ շրջափուլում է: Հիշեցնենք, որ 2018թ այն հաջողությամբ իրականացվել է Երևան քաղաքում, որի արդյունքում թվով 14 երիտասարդ ստացել են կյանքի որակի բարելավման գիտելիքներ, հմտություններ, սոցիալական կապեր: Մասնակիցներից 4-ը, որոնց ներկայացրած գործարար ծրագրերը առավել իրատեսական էին, Եվրոպական միության և Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից կստանան 4000-ական եվրոյին համարժեք դրամաշնորհ՝ մրցույթում հաղթած գործարար ծրագրերում ներդրում կատարելու և համապատասխան բիզնեսները հիմնադրելու համար:

 

Ընթացիկ տարում Ծրագիրը Իջևանում է: Մասնակցության հայտ էին ներկայացրել թվով 80 երիտասարդ Իջևանից և հարակից համայնքներից: Մասնակիցների ընտրությունը կատարվել է նախ փաստաթղթերի, ապա՝ հարցազրույցների արդյունքների հիման վրա՝ ծրագրային հաստատված չափանիշներով: Ի վերջո, ներգրավվել են թվով 20 երիտասարդ, որոնցից 7-ը՝ «ՍՕՍ Մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շահառուներ: Սույն թվականի մայիսի 20-23-ը ծրագրի մասնակիցների հետ գիտապրակտիկ դասընթացներ է վարել «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը:

 

 

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը շնորհակալություն է հայտնում Եվրոպական միությանը և Ավստրիական Զարգացման գործակալությանը ՀՀ աշխատաշուկայում և գործարար միջավայրում մրցունակության բարձրացման և հնարավորությունների ստեղծման ջանքերի համար: