Տավուշի մարզում 5 սկսնակ ձեռներեցներ դրամաշնորհ կստանան: ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» ծրագիրը

 

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ կողմից 2019թ մայիս-հուլիս ամիսներին Իջևան քաղաքում իրականացվել է ձեռներեցության խթանման ծրագիր՝ նպատակ ունենալով Տավուշի մարզի երիտասարդների շրջանում ձևավորել ձեռնարկատիրական մտածելակերպ, հիմնել նոր ձեռնարկություններ և միանալ մարզում գործազրկության հաղթահարման ընդհանուր ջանքերին: Նախատեսվում է 4000 եվրոյի չափով դրամաշնորհ տրամադրել թվով 5 առավել իրատեսական բիզնես գաղափարներում ներդնելու համար:

 

Ծրագրի շրջանակներում Իջևան քաղաքի և հարակից համայնքների թվով տասնինը երիտասարդ մասնակցել է ձեռնարկատիրության եռամսյա դասընթացների, այդ թվում՝ բիզնես գաղափարի ձևավորում, բիզնես պլանի մշակում, շուկայի ուսումնասիրություն, շուկայագիտություն, ֆինանսների կառավարում, հաշվապահություն: Ծրագրի ավարտին մասնակիցները մշակել են բիզնես պլաններ և ներկայացրել դրամաշնորհի մրցույթի:

 

 

Սեպտեմբերի 25-ին հայտարարվեցին դրամաշնորհի մրցույթի արդյունքները, և պարզ դարձան այն հինգ երիտասարդները, ովքեր կստանձնեն Տավուշի մարզում նոր ձեռնակությունների հիմնադրման պատասխանատվությունը:
 

Ֆինանսավորող և գործընկեր կառույցների համատեղ շարունակական աշխատանքի արդյունքում առաջիկա վեց ամսում մարզում կհիմնադրվեն բիզնեսներ հետևյալ ոլորտներում՝

երաժշտական ծառայություններ,

երաժշտական միջոցառումների կազմակերպում,

կախասնկի արտադրություն,

վրանային հանգստի կազմակերպում,

նորագույն տեխնոլոգիաներ և հանգստի կազմակերպում,

ընտանեկան ժամանցի կազմակերպման ոլորտում:

 

Միջոցառմանը ներկա գտնվող Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու սկսնակ ձեռներցներին՝ գործունեության կայացման և զարգացման հարցում, իրենց հերթին «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը և «ՍՕՍ Մանկական գյուղեր» ՀԲՀ ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը ծրագրի բոլոր 19 մասնակիցներին կաջակցեն կառավարման խորհրդատվության և ֆինանսական միջոցների հայթայթման մասով: