Փորձի փոխանակման շրջագայություն Տաթևի և հարակից համայնքների հյուրատների համար

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Տաթևում տուրիստական ծառայությունների զարգացում» ծրագրի շրջանակում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը մատուցում է խորհրդատվական ծառայություններ Տաթևի տարածաշրջանում գործող հյուրատների և տուրիստական ծառայություններ մատուցող այլ սուբյեկտների ենթակառուցվածքները և մասնագիտական կարողությունները զարգացնելու և ամրապնդելու նպատակով:

2015 թ. նոյեմբերի 20-21-ը ծրագրի շրջանակներում Տաթևի և հարակից համայնքների հյուրատների սեփականատերերի համար կազմակերպվել էր Հայաստանի այլ մասերում հաջողությամբ գործող հյուրատների հետ փորձի փոխանակման շրջագայություն (Gohar’s Guesthouse (Եղեգնաձոր), Areni Wine Art (Արենի), Villa Delenda (Երևան), Toon Armeni, Old Dilijan Tufenkian (Դիլիջան)):

Ծրագրի շահառուների համար փորձի փոխանակման միջոցառումը շատ արդյունավետ էր և խրախուսական: Այն նոր գաղափարներ տվեց հյուրատներին, քանի որ մասնակիցները ականատես եղան աշխատանքային լավ օրինակների և սկսեցին մտածել դրական փոփոխություններ կատարելու մասին, ինչպես հյուրատներում, այնպես էլ իրենց աշխատելաոճում (օրինակ` ձևավորել հյուրատները` վերականգնելով և օգտագործելով հին կահույքը, ժամացույցները և նկարները, ներկայանալ հաճախորդներին, շփվել նրանց հետ, աշխատել զբոսաշրջային ընկերությունների հետ և այլն): Ամենայն լրջությամբ նրանք խոստովանեցին, որ չպետք է հիասթափվեն փոքր ձախողումների և խոչընդոտների պատճառով և չպետք է խուսափեն նոր ներդրումներ և անհրաժեշտ ծախսեր կատարելուց:

Շրջագայության ընթացքում շահառուների համար կազմակերպվել է նաև “Հյուրատների շահագործում և կառավարում” դասընթաց, որի ընթացքում ներկայացվել է հյուրատների շահագործման հաջողության բանալին, հյուրատների գործունեության հիմնաքարերը, հաճախորդներին նոր, գրավիչ առաջարկների ներկայացման կարևորությունը և տուրիստական փաթեթների դերը և այլն: Հյուրատները ընդունեցին, որ մինչ այժմ իրենք ընդամենը 1%-ով են իրականացրել այն, ինչ որ գործնականում հաջողված հյուրատունը պետք է կատարի, և դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու անհրաժեշտ բարեփոխումները իրականացնելու համար, ինչը իրենք անպայման պատրաստվում են իրականացնել:

 

Ի վերջո շրջագայության մասնակիցները մեկնեցին Տաթևից շատ գոհ, մոտիվացված և ոգեշնչված նոր գաղափարներով: