Ջերմոցի կառուցումը սկսվում է ձեռնարկից

«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) ներկայացրեցին ձեռնարկ` «Ջերմոցային տնտեսություններ. կառուցման, շահագործման և մշակության հիմունքներ» անվամբ:

Ձեռնարկը պատրաստվել է «Բի էս Սի»-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով ֆինանսավորվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում: «Բի էս Սի»-ի ղեկավար Սամվել Գևորգյանը, բացելով հանդիպումը, մասնավորապես նշեց` «մենք համոզված ենք, որ նոր տեխնոլոգիաների և մոտեցումների հիմման վրա ստեղծված ջերմոցային տնտեսությունները կարող են շրջադարձային դեր խաղալ ագրոբիզնեսի արդյունավետության և շահութաբերության գործում»: Նշենք, որ վերջին շրջանում գյուղատնտեսության ոլորտում «Բի էս Սի»-ն բոլոր մարզերում իրականացրել է մի շարք ծրագրեր: Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, ապա ծրագրերի աշխարհագրությունը ընդգրկում է Արարատը, Տավուշը, Վայոց Ձորը:

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հիմնադիր գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանի կարծիքով այսօր Հայաստանում նկատվում է ջերմոցային տնտեսությունների ակտիվ զարգացում: ՓՄՁ ԶԱԿ-ը իր ուշադրության կենտրոնում է պահում այդ ուղղությունը, որպես մակրոբիզնեսի զարգացում: Կենտրոնի աջակցությամբ վերջին հինգ տարիների ընթացքում ստեղծվել են 64 ջերմոց ընդհանուր 19 հազար քմ մակերեսով: Ինչ վերաբերում է տնտեսությունների կառուցման ֆինանսական կողմին, ապա կենտրոնը հատկացրել է 38 դրամաշնորհ: Գ. Պետրոսյանի խոսքերով հատկացվում են ոչ միայն դրամաշնորհներ, այլ նաև բանկային երաշխիքներ: Եկող տարվա հունվարից դրամաշնորհների թիվը կաճի 5-ից 7 միլիոն դրամով:

Ձեռնարկը հայերեն լեզվով առաջինն է նմանատիպ հրատարակչությունների մեջ և ըստ հեղինակների նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Գրքի առաջին բաժիններում կարելի է գտնել տեղեկություն, որը վերաբերում, է ինչպես բիզնեսի ստեղծման առաջին, այնպես էլ կառուցման ընթացիկ քայլերին, տեխնիկական և տեխնոլոգիական ջերմոցային տնտեսության սարքավորումներին: Իդեպ, ձեռնարկում ներկայացված է բանջարեղենների ցանկը, որոնք հնարավոր է աճեցնել այդ պայմաններում: Հետաքրքիր լրացում` գրքի հավելվածում նշված են երևանյան կազմակերպությունները և խանութները, որոնք մատուցում են ծառայություններ ջերմոցային տնտեսությունների ստեղծման և օգտագործման համար:

Շնորհանդեսին ելույթ ունեցան ագրոբիզնեսի ոլորտում փորձագետներ և ձեռնարկի հեղինակներ Գևորգ Միչիկյանը և Գայանե Մարտիրոսյանը:

 

Հեղինակ` Կարեն Մալխասյան