Հյուրատնային բիզնեսն Ալավերդիում նոր որակ կունենա

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, նոյեմբերի 15-16-ը կազմակերպել է «Հյուրատների կառավարում» և «Հաճախորդների սպասարկում» թեմաներով անվճար դասընթաց` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և հարակից համայնքներում զբոսաշրջության ոլորտում գործող 12 գործարարի համար, ինչպես նաև տրամադրել է անհատական խորհրդատվություն` այցելելով շահառուներին:

Դասընթացն իրականացրել է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: Այն ներառել է «Հյուրատների կառավարում» և «Հաճախորդների սպասարկում» թեմաները: «Հյուրատների կառավարում» թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են հյուրատների ներքին կանոնակարգի մշակմանը, հարմարությունների և սննդի կազմակերպմանը, գնագոյացմանը, ինքնարժեքի հաշվարկմանը, մարքեթինգային գործիքների կիրառմանը, գովազդային գործունեության կազմակերպմանը, ֆինանսների կառավարմանը, ինչպես նաև ոլորտի գործունեությունը կանոնակարգող իրավական օրենսդրությանը:

«Հաճախորդների սպասարկում» թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են հաճախորդների կարիքների բացահայտման, հաճախորդների տարբեր խմբերի սպասարկման առանձնահատկությունների, սպասարկման կանոնների, լրացուցիչ ծառայությունների տրամադրման վերաբերյալ և այլ հարցերին:

Խորհրդատուները ծրագրի մասնակիցներին տրամադրել են նաև անհատական խորհրդատվություն, որի ընթացքում տեղում ուսումնասիրվել են մասնակցի խնդիրները և առաջարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները: Իրականացված դասընթացի և անհատական խորհրդատվական հանդիպումների շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ստացել ավելի հստակ պատկերացնել սեփական բիզնեսի կառավարման առանձնահատկությունները:

 

Մամուլի անրադարձը`