IMC Armenia-ի նոր նախագահ

Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) նոր նախագահ է ընտրվել «Բի Էս Սի»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը: «Խորհրդանշական է, որ հերթական ընտրություններն անցկացվեցին կազմակերպության երրորդ տարեդարձի նախօրեին: Այս ընթացքում IMC Armenia-ն դարձել է վստահելի բիզնես համայնք` համախմբելով ոլորտի պրոֆեսիոնալներին, որոնք մատուցում են գրագետ ու արդյունավետ խորհրդատվություն բիզնեսի վարման բնագավառում, տրամադրում են զարգացման տարատեսակ ծառայություններ: Ինստիտուտի գործունեության 3 տարիները դարձել են ձեռքբերումների, ճանաչելիության, առաջընթացի և կայացման տարիներ։ Ժողովի ընթացքում մենք քննարկեցինք ինստիտուտի զարգացման հեռանկարները և առաջընթացի հնարավոր սցենարները, որոնք կառույցը կդարձնեն ավելի մրցունակ և ազդեցիկ»,-ասել է Սամվել Գևորգյանը:

«Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը» հիմնադրվել է 2011թ. և այժմ միավորում է կառավարման ոլորտի 36 առաջատար խորհրդատուների: Կազմակերպության հիմնական նպատակներն են Հայաստանի կառավարման խորհրդատվության ոլորտի զարգացումն ու մասնավոր հատվածի ձեռնարկությունների շրջանում խորհրդատվական ծառայությունների խթանման աջակցությունը:

IMC Armenia-ի աշխատանքի հիմնական ուղղություններից է կառավարման խորհրդատուների շարունակական պրոֆեսիոնալ աճին ու մասնագիտական էթիկայի մակարդակի բարձրացմանը նպաստելը։ Այդ նպատակով գործունեության 3 տարիների ընթացքում IMC Armenia-ն ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում իրականացրել է 5 դասընթաց` շուրջ 100 խորհդատուների համար, որոնցից մոտ 40-ը ստացել են կառավարման խորհրդատվության CMCE միջազգային վկայագրեր Մեծ Բրիտանիայի Խորհրդատվության ինստիտուտի կողմից: