Սկսնակ ձեռներեցների աջակցությանն ուղղված ևս մեկ ծրագիր` իրականացված «Բի էս Սի»-ի կողմից

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (JMF) և «Վորլդ Վիժն Հայաստան» (WVA) զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին. բիզնեսի կառավարում և բիզնես ծրագրի մշակման հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Բի էս Սի»-ն Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED) հետ համատեղ Գեղարքունիքի մարզի համայնքների` Գավառի, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի երիտասարդ ձեռներեցների համար իրականացրել է մեկամսյա դասընթաց բիզնեսի կառավարման, բիզնեսի պլանավորման և ձեռներեցության զարգացման թեմաներով, ինչպես նաև մատուցել է անհատական խորհրդատվություն բիզնես ծրագրերի մշակման համար և ապահովել է հետդասընթացային և հետխորհրդատվական ծառայություններ` շահառուների մոտ առաջացող հարցերի և խնդիրների պարզաբանումները իրականացնելու նպատակով:

Ծրագրի ընդհանուր նպատակն էր Գավառի, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի երիտասարդներին աջակցել ձեռներեցության և նոր աշխատատեղերի ստեղծման հարցում:

 

Մեկամսյա դասընթացների ավարտից հետո «Բի էս Սի»-ի և Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի խորհրդատուների աջակցությամբ մասնակիցները մշակեցին իրենց բիզնես ծրագրերը, որոնք հետագայում ներկայացվել են «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին: Ընկերությունների փորձագետները մատուցել են անհատական խորհրդատվություն յուրաքանչյուր մասնակցին և խորապես ուսումնասիրել են այն ոլորտը և գործարար միջավայրը, որտեղ մասնակիցը ցանկանում է գործունեություն ծավալել: Հիմնվելով գրված բիզնես ծրագրերի վրա` ամենաիրատեսական և նորարար գաղափարները ներկայացնող մասնակիցները վարկավորվել են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից:

Ծրագրի շնորհիվ Գեղարքունիքի համայնքի երիտասարդները հնարավորություն են ստացել իրագործել իրենց նորարար գաղափարները, նպաստել իրենց համայքներում տնտեսական գործունեության զարգացմանը, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր:

 

Նման ծրագրերի հաջողությունը պայմանավորված է ինչպես իրական խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարությամբ, այնպես էլ մի շարք կազմակերպությունների արդյունավետ համագործակցությամբ. «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ (JMF), «Վորլդ Վիժն Հայաստան» (WVA), «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD):