Մասնակցություն «ԱՐՄԱԿԱԴ»-ի աշխատանքային տոնավաճառին

Դեկտեմբերի 4-ին «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը մասնակցեց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ «ԱՐՄԱԿԱԴ»-ի կողմից կազմակերպված աշխատանքային տոնավաճառին:

 

Տոնավաճառը բաղկացած էր երկու մասից։ Առաջին հատվածում սեմինարների շարքով հանդես եկան Plexonic ընկերության տնօրեն Գևորգ Սարգսյանը, «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը, որոնք խոսեցին հայաստանյան աշխատաշուկայի մասին և ներկայացրեցին սեփական փորձը:

Խորհրդատվական, հետազոտական և դասընթացների շուկայում 22 տարիների փորձ ունեցող «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը անցկացրեց «Մասնագիտությունը կառավարման խորհրդատու` հնարավորություններն ու հեռանկարները» սեմինարը: Սեմինարի մասնակիցներին ներկայացվեց, թե ինչ է կառավարման խորհրդատվությունը, ինչ է կառավարման խորհրդատվություն մասնագիտությունը, որոնք են կառավարման խորհրդատվության հեռանկարները և հնարավորությունները:

 

Աշխատանքային տոնավաճառին «Բի էս Սի»-ն ներկայացրել էր վարչական աշխատանքների գծով օգնականի, կառավարման կրտսեր խորհրդատուի և կառավարման խորհրդատուի թափուր աշխատատեղերը:

Այս անգամ «Բի էս Սի»-ն կիրառել էր աշխատանքի դիմելու ոչ ստանդարտ, ստեղծագործ և շրջակա միջավայրին չվնասող մեթոդներ: Աշխատանքի դիմելու համար հարկավոր էր «Բի էս Սի»-ի տաղավարից վերցնել QR կոդը, սկանավորել այն և լրացնել էլեկտրոնային հարցաթերթը կամ «Բի էս Սի»-ի էլեկտրոնային հասցեին ուղարկել վիդեոհաղորդագրություն:

 

Տվյալ մեթոդի կիրառումը պայմանավորված էր շրջակա միջավայրի պահպանությանը և աշխատանքում նորարար տեխնոլոգիաների կիրառմանը նպաստող «Բի էս Սի»-ի քաղաքականությամբ, որի շնորհիվ կրճատեցինք հազարավոր թղթերի վատնումը և օպտիմալացրեցինք «Բի էս Սի»-ի կադրերի ղեկավարի աշխատանքը:

 

Օգտագործելով նորարար լուծումներ` միասին նպաստեցինք շրջակա միջավայրի պահպանմանը և հեշտացրեցինք ինչպես մեր, այնպես էլ մասնակիցների աշխատանքը:

 

Տոնավաճառին մասնակցեցին նաև Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, IDeA հիմնադրամը, BetConstruct-ը, Globbing-ը, «Թումո»-ն և մի շարք այլ ընկերություններ: