Տեղի ունեցավ Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը

 

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի երկար սպասված շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ բազմաթիվ գործընկերներ, հարազատներ և ընկերներ: 

 

 

Գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը ներկայացրեց գրքի պատմությունը և անցած ճանապարհը: Ելույթ ունեցան նաև գլխավոր գործընկեր «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» -ի տնօրեն Արսեն Բազիկյանը և գրքի դիզայնը մշակած Doping Creative Advertising Agency-ի տնօրեն Հայկ Սիմոնյանը: 

 

Գիրքը ձեռք բերելուց հետո մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ստանալ հեղինակի կողմից անվանական ստորագրություն և բիզնես սկսելու մաղթանքներ: Իսկ ձեռնարկատիրական մթնոլորտը տրամադրում էր կարդալ գիրքը և ոգեշնչում անմիջապես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում:

 

 

«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 21 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝ 

Պլանավորիր քո բիզնեսը

Կազմակերպիր քո բիզնեսը

 Կառավարիր քո բիզնեսը

 Զարգացրու քո բիզնեսը

 

Բովանդակությունն ու գլուխները կառուցված են այնպես, որ օգտակար կլինի կարդալ հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին ավելի կհետաքրքրեն: Վերջաբանի փոխարեն գրված լրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է, որ եկել է ժամանակը՝ գործելու, ինքնակազմակերպվելու և Հայաստանում բիզնես սկսելու:

 

 

Այս գիրքը եղել է սեփական բիզնեսին վերաբերող հայկական հեղինակային առաջին հրատարակությունը՝ դեռևս 2000 թ.: 4-րդ՝ լրամշակված և նորացված հրատարակության մեջ ներկայացված է բիզնեսի ամբողջ ճանապարհը՝ սկսած գաղափարից և բիզնես մոդելից, մինչև հաջողության բարձունքներին հասնելը:

 

Գրքում ներկայացված են հայկական բիզնեսի 200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն: Նրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական, գործնական, մշտապես կիրառելի:

 

 

Սամվել Գևորգյանի՝ սեփական բիզնեսներ հիմնելու և հաջողություններ գրանցելու փորձն ու գիտելիքները լրացուցիչ արժեք են ավելացնում գրքին: Գրքի հիմքում դրված է իր՝ սեփական բիզնեսներով զբաղվելու 26 տարվա փորձը, բիզնեսի խորհրդատվական գործունեությունը հարյուրավոր ընկերությունների հետ և թրեյնինգային փորձառությունը հազարավոր մասնակիցների հետ:

 

 

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի 4-րդ հրատարակությունում ներառված են նոր գործիքներ, մոտեցումներ,  մեթոդներ և բանաձևեր: Այստեղ առանձնացված են 3 հատուկ նշան.

Խորհուրդ իմ կողմից

Մտածիր այդ մասին

Օգտակար գործիք

 

 

Գիրքը հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են բուհական «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը: 

 

 

«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» Սամվել Գևորգյանի գիրքը «Շանթ» ՀԸ «Հորիզոն» լրատվականով

 

 

 

Լրատվամիջոցները «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսի մասին