«Փոքր ֆերմերների և վերամշակողների փոխշահավետ/win-win համագործակցությունը Հայաստանում» թեմայով ուսումնասիրություն

Փետրվարի 24-ին ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համատեղ նախաձեռնել են «Բի Էս Սի»-ի կողմից իրականացված «Փոքր ֆերմերների և վերամշակողների փոխշահավետ/win-win համագործակցություն Հայաստանում» քեյս ուսումնասիրության (Case Study) շնորհանդեսը:

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը քեյս ուսումնասիրությունը ներկայացնելիս շեշտեց գաղափարի յուրահատկությունը. Երևանի Կոնյակի Գործարանի, և Տավուշի մարզում գտնվող նորաստեղծ «Միրգ» վերամշակման գործարանի մասնավոր օրինակների դիտարկումը, ինչը առավել պատկերավոր է ներկայացնում ֆերմերների և վերամշակողների փոխշահավետ հարաբերությունները:

 

Ուսումնասիրությունը քննարկում է նաև փոխշահավետ համագործակցության հասնելու միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացնում է լուծումներ և առաջարկում համապատասխան գործողություններ շահառուների յուրաքանչյուր խմբի համար` սննդի արժեշղթայում, որպես պարենային անվտանգության կարևոր բաղադրիչ, փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար:

ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի «Գյուղատնտեսական և պարենային անվտանգության» ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը իր բացման խոսքում նշեց, որ Հայաստանում պարենային անվտանգության և գյուղատնտեսական զարգացման կարևոր խնդիրներից է գյուղացիների համար շուկաների հասանալիությունը և մասնավոր հատվածի, այսինքն վերամշակողների հետ կայուն և փոխշահավետ համագործակցության զարգացումը:

 

Հավելելով նա ասաց, - «Կուզենայի առանձնահատուկ նշել, որ այս հարցում բավականին աշխատանք, արդեն իսկ, կատարվել է Օքսֆամի կողմից, մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ձևավորվեց աշխատանքային խումբ, որը մշակեց ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության նախագիծը, որի մշակման գործում, ի դեպ, իրենց մասնակցությունն են ունեցել նաև իրենք՝ ֆերմերներն ու վերամշակողները»:

 

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրենը ամփոփեց, որ նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայաստանում նպաստում է ֆերմերների և վերամշակողների համագործակցության միջոցով սոցիալական ձեռնարկատիրության մոդելի առաջխաղացմանը, ինչի հաջողության գրավականը բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությունն է:

Միջոցառմանը մասնակցել են նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, սննդի վերամշակման և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներ:

 

Քեյս ուսումնասիրությունը կատարվել է «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և փոքրածավալ արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և ՕՔՍՖԱՄ-ի կողմից։

 

Այլ հոդվածներ`