Կհաջողվի՞ բամբուկից կահույք արտադրել Երևանում

Տնտեսագետ Վարդան Գրիգորյանը երկրորդ անգամ է փորձում սեփական բիզնեսը սկսել։ Առաջին անգամ չի ստացվել։ Սուֆլեի արտադրություն սկսելու համար անհրաժեշտ գումարը պարտքով էր վերցրել։ Արտադրանքը դեռ հայտնի չդարձած՝ արդեն պարտքը մարելու ժամկետն է եղել։ Արդյունքում՝ գործը կանգնել էր։ Երկրորդ փորձը այլ արտադրություն է։ Բամբուկի կիրառմամբ կահույքի, կենցաղային իրերի, եւ հուշանվերների արտադրություն հիմնելու ծրագիրը ներկայացնում է Զբաղվածության պետական գործակալության մասնագետներին։ «Սկզբնական շրջանում՝ 1-2 ամիս, ես եկամուտ չեմ ակնկալում, սկզբից մինուսով է լինելու, որովհետեւ ես վաճառք չեմ ակնկալում»,-ասում է սկսնակ գործարարը:

Վարդան Գրիգորյանն այս գործով զբաղվելու մասին մտածում է արդեն երկու տարի։ Սակայն միայն հիմա է, որ ծրագիր է կազմել, հաշվել հնարավոր ծախսերն ու եկամուտները։ Ասում է՝ բամբուկը Հայաստաում նորույթ է, փայտի համեմատ էլ որոշ առավելություններ ունի։ Սկսնակ գործարարն օրինական դաշտում աշխատելուց չի վախենում, հարկային դաշտն այս բիզնեսի համար բավական թեթեւ է՝ շրջանառությունից 3.5 տոկոս է հարկվելու։ Սակայն երկրի հարկային քաղաքականության մասին իր պատկերացումն ունի։ «Իմաստ ունի, որ կառավարությունը նման մոտեցում հանդես բերի եւ փոքր, նոր սկսվող ձեռնարկություններին արտոնություններ տա, որ սկզբում հարկ չվճարեն»:

Զբաղվածության պետական գործակալության «Փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության» ծրագրով աջակցություն ստանալու համար դիմել է 9 շահառու։ Զբաղվածության պետական գործակալության ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության եւ խորհրդատվության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Հարությունյանն ասում է, եթե ծրագրերը մասնագետներին իրատեսական թվան, նաեւ ֆինանսական աջակցություն կստանան։ «Տրամադրվում է վարձու աշխատողի աշխատավարձի 25 տոկոսը, բայց ոչ ավելի քան նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը, փոխհատուցվում է ձեռքբրվող սարքեր սարքավորումների 75 տոկոսը, 25 տոկոսը իր կողմից է ներդրվում»,-ասում է նա:

Ֆինանսական աջակցության առավելագույն չափը 1 մլն դրամ է, պայմանագիրը կնքելուց հետո շահառուն առնվազն 2 տարի պետք է աշխատի իր առաջարկած ծրագրով։ Հակառակ դեպքում՝ ֆինանսական միջոցները հետ են գանձվելու:

 

 

Մամուլի անրադարձը`