Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից համատեղ իրականացվող ծրագրի հերթական փուլը մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերի 10-ին:

 

Ըստ «Բի Էս Սի»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի՝ ծրագրի շահառուներ են ընտրվել Հայաստանում բնակություն հաստատած և ծրագրին մասնակցելու պատրաստակամություն հայտնած սիրիահայերը, ինչպես նաև Իրանից, Իրաքից և Ադրբեջանից բռնագաղթած անձինք, ովքեր ցանկանում են սեփական բիզնեսը հիմնել հայրենիքում կամ արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ:

Ծրագրի սկզբում շահառուները հնարավորություն ունեցան անցնելու 1-ամսյա վերապատրաստում բիզնեսի պլանավորման և կառավարման, շուկայավարման, պետական գրանցման ընթացակարգերի, հարկային դաշտի և այլ թեմաների շուրջ: Արդյունքում վերջիններս ծանոթանացան Հայաստանի բիզնես միջավայրի առանձնահատկություններին և ձեռք բերեցին սեփական բիզնեսը հիմնելու համար անհրաժեշտ հմտություններ: Սամվել Գևորգյանի փոխանցմամբ, վերապատրաստում անցած յուրաքանչյուր շահառու մինչև տարեվերջ ՓՄՁ ԶԱԿ-ի և «Բի Էս Սի»-ի փորձառու խորհրդատուների աջակցությամբ կմշակի և կներկայացնի իր բիզնես ծրագիրը, որն ընդգրկում է գործունեության տարբեր ոլորտներ` սկսած առողջապահական կլինիկա հիմնելուց, երկաթյա կաղապարներ պատրաստելուց, մինչ ամսագրերի թողարկում և ավանդական սիրիական սննդատեսակների պատրաստում:

Հանձնաժողովի որոշմամբ, առավել իրատեսական և նորարարական մոտեցումներ պարունակող բիզնես գաղափարների հեղինակներին կտրամադրվեն արտոնյալ պայմաններով վարկեր: Սամվել Գևորգյանը նշել է, որ «Բի Էս Սի»-ն կշարունակի աշխատել վարկավորում ստացած բոլոր շահառուների հետ` հետագա 4 ամիսների ընթացքում անհատական խորհրդատվության միջոցով գործարար աջակցություն տրամադրելով վերջիններիս:

 

«Կարևոր է այն փաստը, որ ծրագիրը ոչ միայն պարզապես արտոնյալ վարկային պայմաններ է տրամադրում սիրիահայերին, այլ նախևառաջ վերապատրաստում է նրանց, այսինքն՝ ինտենսիվ կերպով փոխանցում է այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հայաստանյան միջավայրում սեփական բիզնեսը սկսելու և զարգացնելու համար: Նման համալիր ծառայության միջոցով մենք աշխատում ենք հնարավորինս նվազեցնել նրանց գործունեության ընթացքում անկանխատեսելի ռիսկերի առաջացման հավանականությունը: Մեր առաջնային նպատակը ոչ թե պարզապես բիզնեսի քանակի խթանումն է, այլ հայրենիքում ձեռնարկատիրական հաջող գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ բոլոր գիտելիքներով զինելը»,- նշել է Սամվել Գևորգյանը: