Հետազոտություններ և գնահատում, մարքեթինգ

Բիզնեսում հանդիպող հաճախակի սխալներից է ենթադրությունների հիման վրա կայացված որոշումը: Հետազոտությունների իրականացումը սխալ որոշումներից խուսափելու, ինչպես նաև ոլորտի և ընկերության վերաբերյալ անկախ գնահատական տալու հնարավորություն է ստեղծում: Հետազոտությունների հիման վրա կայացված որոշումները լինում են հիմնավորված, նպաստում են ժամանակի և ռեսուրսների խնայողությանը, ինչի արդյունքում բարձրանում է բիզնես արդյունավետությունը:

 

Բիզնես հետազոտությունների շնորհիվ ընկերությունը կարողանում է վերլուծել և գնահատել բիզնեսի տեսանկյունից իր դիրքը, արտադրանքի կամ ծառայության որակը, հաճախորդների բավարարվածությունը, շուկայական պահանջարկը, մարքեթինգը, սպառողների կարիքները և այլն:

 

«Բի Էս Սի»-ն խրախուսում է պրոֆեսիոնալ մոտեցումների կիրառումը շուկայում: Մենք գտնում ենք, որ գրագետ գործիքների օգտագործման շնորհիվ ցանկացած ընկերություն կարող է հասնել հաջողության: «Բի Էս Սի»-ն ձգտում է բարձրացնելու շուկայում հետազոտությունների նկատմամբ վստահությունը` մատուցելով բարձրորակ և հաճախորդների սպասելիքներին համապատասխանող ծառայություններ: Հետազոտությունների իրականացման հարցում մեզ վստահում են ինչպես միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

 

«Բի Էս Սի»-ն իրականացրել է մի շարք հետազոտություններ, որոնց շարքին են դասվում «ՕՔՍՖԱՄ Հայաստան» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում իրականացված գենդերային հարաբերությունների և պարենային անվտանգության հետազոտությունը, ինչպես նաև «ՕՔՍՖԱՄ Հայաստան»-ի և Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ Տավուշի շրջանում իրականացված` գյուղատնտեսության արժեշղթայում կանանց պոտենցիալին և դերին վերաբերող հետազոտությունը: «Բի Էս Սի»-ն կարևորում է իր մասնակցությունը սոցիալական զարգացմանն ուղղված հետազոտություններում, քանի որ դրանց արդյունքում տարբեր սոցիալական հարցերի շուրջ բարելավման ռազմավարությունների մշակման և իրականացման հնարավորություններ են ստեղծվում:

«Բի Էս Սի»-ի կողմից իրականացվել է նաև Հայաստանում սոցիալական պատասխանատվության տարածմանը վերաբերող հետազոտություն՝ Նիդերլանդների դեսպանության հետ համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն է եղել հետազոտել մասնավոր հատվածի կողմից սոցիալական պատասխանատվության սկզբունքներին տիրապետումն ու կիրառումը: Հետազոտությունն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում` նպատակ ունենալով բացահայտելու, թե սոցիալական պատասխանատվության ինչպիսի սկզբունքներ արդեն կիրառություն ունեն Հայաստանում և որոնք են սոցիալական պատասխանատվության սկզբունքների կիրառումը խոչընդոտող գործոնները: Հետազոտության մեջ ներգրավվել է 60 մասնավոր ընկերություն երկրի ամբողջ տարածքից, որոնցից 40-ը արտադրության, ծառայությունների և վաճառքի ոլորտներում գործող ՓՄՁ-ներ են:

 

«Բի Էս Սի»-ն կարևորում է սոցիալական պատասխանատվության դերը, քանի որ սեփական փորձով համոզվել է, որ բիզնեսի արդյունավետության բարձրացման և կայունության գլխավոր գործոններից է սոցիալապես պատասխանատու գործունեության ծավալումը, ինչն ապահովում է անընդմեջ զարգացում: Այդ իսկ պատճառով «Բի Էս Սի»-ն խրախուսում է իր գործընկերների և հաճախորդների կողմից սոցիալական պատասխանատվության սկզբունքների կիրառումը` կիսելով իր փորձը և գիտելիքները հայկական կազմակերպությունների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղեցույցի հրատարակման, դասընթացների և սեմինարների անցկացման միջոցով:

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Աջակցություն փոքր բիզնեսին» ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի»-ն համագործակցել է «Մաքուր երկիր» ընկերության հետ` կատարելով թափոնների կառավարման գործարանի իրագործելիության հետազոտություն: Այս ծրագրի միջոցով «Բի Էս Սի»-ն փորձել է իր ներդրումն ունենալ Հայաստանում բնապահպանության զարգացման հարցում:

«Բի Էս Սի»-ի կողմից իրականացվել են նաև գնահատման մի շարք ծրագրեր, որոնցից են Խաղաղության կորպուսի «Փոքր նախագծերի աջակցություն» ծրագրի կատարողականի, ԱՄՔՈՐ ԱՄՆ Միավորված մեթոդիստների օգնության կոմիտեի կայուն համագործակցության և գյուղատնտեսության զարգացման ծրագրի գնահատումը, Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակի և «Շեն» ՀԿ-ի համար՝ Մեղրիի տարածաշրջանում իրականացված տնային տնտեսությունների մոնիթորինգը, «ՕՔՍՖԱՄ Հայաստան»-ի՝ Հայաստանում չորացված մրգերի և բանջարեղենի մատակարարման շղթայի գնահատումը, մարքեթինգը և մի շարք այլ ծրագրեր:

 

«Բի Էս Սի»-ն վստահ է, որ հետազոտությունների իրականացման շնորհիվ նպաստում է Հայաստանի տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների կողմից հիմնավորված և նպատակային որոշումների կայացմանը, որոնք բարձրացնում են թե՛ կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, թե՛ ոլորտների բնականոն զարգացման մակարդակը, ինչպես նաև օգնում են խուսափելու ձախողման ռիսկերից: Մենք ձգտում ենք բարձրացնելու շուկայում հետազոտությունների կարևորությունը` մատուցելով բարձրորակ ծառայություններ, որպեսզի կարողանանք ուժեղացնել հետազոտական գործիքների նկատմամբ վստահությունն և դրանց անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածությունը: