«ՕՔՍՖԱՄ Հայաստան»

Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «ՕՔՍՖԱՄ Հայաստան»-ի հետ համատեղ «Բի Էս Սի»-ն իրականացրել է «ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթայի զարգացման միջոցով» (Improving Small Holder Farming through Agricultural Cooperatives and Value Chain Development in Tavush Marz, Armenia) ծրագիրը: Այն կենտրոնացած է Հայաստանի Տավուշի մարզի 15 գյուղական համայնքների վրա, որի շահառուներն են այդ համայնքների ֆերմերները:

 

«Բի Էս Սի»-ն կարևորում է այս ծրագիրը, քանի որ այն ունի մոտ 2000 շահառու, որն ապահովվել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, վարկերի տրամադրման խորհրդատվության, գյուղատնտեսական ենթակառուցվածքների ստեղծման միջոցով` ներառյալ համայնքային ջերմոցների կառուցում, սառը պահեստավորման հնարավորությունների ստեղծում, վերամշակման գործարանի հիմնում և այլն:

Ծրագիրը կարևորում է կանանց դերի բարձրացումը: Այդ իսկ պատճառով իրականացվել են հետազոտություններ մատակարարման շղթայում կնոջ դերը և ներուժը գնահատելու նպատակով, ինչի հիման վրա կանանց առաջնորդությամբ շահառու տնային տնտեսությունները կազմել են ընդհանուրի 10-15%-ը:

 

Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 15 գյուղական համայնքներում հիմնվել են 15 նոր կոոպերատիվներ, որոնց անդամների համար «Բի Էս Սի»-ի խորհրդատուներն իրականացրել են հաշվապահական, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, համապատասխան պետական մարմինների հետ աշխատանքների կատարման հմտությունների զարգացման, նախագծի կառավարման, անտառի ռեսուրսների գրագետ և անվնաս օգտագործման դասընթացներ, ինչպես նաև տրամադրվել է հարկային, մարքեթինգային, վերամշակողների, մատակարարների հետ հարաբերությունների հաստատման խորհրդատվություն:

Ջերմոցների կառուցման համար իրականացվել է տարածքների ոսումնասիրություն և ընտրություն, իրավաբանական փաստաթղթավորում, մրցույթների հայտարարում և պայմանագրերի կնքում: Տավուշի գյուղական համայնքներում կառուցվել են 15 ջերմոցներ և տեղադրվել ոռոգման համակարգեր: Կոոպերատիվների անդամներին տրամադրվել են գյուղատնտեսական գործիքներ, սարքավորումներ և պարարտանյութեր:

 

Ծրագրի շնորհիվ փոքր ֆերմերներին հնարավորություն է տրվել անդամակցելու գյուղատնտեսական կոոպերատիվներին իրենց մատակարարման շղթայում ավելի բարենպաստ դիրքեր ապահովելու նպատակով, ինչը լիովին համապատասխանում է ՀՀ կառավարության` Հայաստանի 2010-2020 թվականների Գյուղական կայուն զարգացման ռազմավարությանը:

 

«Բի Էս Սի»-ի կողմից իրականացվել է վերամշակման գործարանի իրագործելիության հետազոտություն, այնուհետև մատուցվել է գործարանի բրենդավորման խորհրդատվություն: Մատուցված ծառայություններից է նաև կոոպերատիվների ինտերնետային կայքի պատրաստումը` www.cooperative.am, որտեղ առանձին-առանձին ներկայացված են բոլոր կոոպերատիվները: