«Ակցիա սովի դեմ»

Սիսիանի տարածաշրջանում «Ակցիա Սովի դեմ» (Accion contra el Hambre (ACH)) կազմակերպության կողմից իրականացվող գյուղական համայնքների ինքնաապահովման ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի»-ն անցկացրել է բազիսային հետազոտություն, որը ծառայել է որպես Սիսիանի տարածաշրջանի գյուղական համայնքների տնային տնտեսությունների աղքատության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրի իրականացման հիմք:

 

«Բի Էս Սի»-ն կարևորում է իր մասնակցությունն այս ծրագրին, քանի որ ձգտում է ծավալել այնպիսի գործունեություն, որը նպաստում է համայնքային զարգացմանը և տնտեսական խնդիրների լուծմանը: Բազիսային ուսումնասիրության շրջանակներում հետազոտվել է 23 գյուղական համայնքների ընթացիկ ժողովրդագրական, տնտեսական և սոցիալական իրավիճակը` ուղղված աղքատության նվազեցմանը, գյուղական աղքատ տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական ապահովությանը, Սիսիանի տարածաշրջանում կաթնամթերքի շուկայում դերակատարների միջև կապերի զարգացմանը, բնական ռեսուրսների կառավարմանը (օրինակ` ոռոգման ջուր, արոտավայրեր, հանրային և մասնավոր հողեր, ընտանի կենդանիների կեր և այլն):

Հետազոտության ընթացքում գնահատվել է գյուղական տնային տնտեսությունների տնտեսական իրավիճակը` հիմնվելով տեղական տնտեսական ապահովության և կայուն ապրելակերպի չափանիշների վրա, ուսումնասիրվել են կաթնամթերքի և հողագործության ենթաոլորտներում աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները: Ուսումնասիրությունը ընդգրկել է Սիսիանի տարածաշրջանի 20 թիրախային և 3 ոչ թիրախային համայնքներ` կենտրոնացված լինելով յուրաքանչյուր տնային տնտեսությունից ստացված քանակական և որակական տեղեկատվության վրա` ներառյալ տնային տնտեսությունների կառուցվածքը, եկամուտները, ծախսերը, կաթնամթերքից և հողագործությունից ստացված արտադրանքի և վաճառքի ծավալները, ակտիվների բաշխվածությունը, ենթաոլորտում մատուցվող ծառայություններից օգտվելու աստիճանը և այլն: 3 ոչ թիրախային համայնքների ուսումնասիրությունը կատարվել է ընտրված 20 թիրախային համայնքներին ճիշտ գնահատական տալու նպատակով` որպեսզի համայնքների ընտրությունը լինի առավել հիմնավորված:

 

Այս հետազոտության միջոցով «Բի Էս Սի»-ն կարողացել է օբյեկտիվ գնահատել տնային տնտեսությունների տնտեսական իրավիճակը, ինչի հիման վրա մշակվել է ACH-ի նոր ծրագրի ռազմավարությունը և գործառնական ծրագիրն` ուղղված տնային տնտեսությունների և կաթնամթերք արտադրողների միջև կապերի ստեղծմանը և մարզում կաթնամթերքի ոլորտի բարելավմանը: Հետազոտություններն իրականացվել են երեք տարի շարունակ, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել առավել արդյունավետ գնահատելու տնային տնտեսությունների զարգացման միտումները և կատարելու համեմատական վերլուծություններ:

 

«Բի Էս Սի»-ն կարևորում է իր ներդրումը տվյալ ծրագրի իրականացման մեջ, քանի որ այս ծրագրին մասնակցության միջոցով նպաստել է աղքատ տնային տնտեսությունների սոցիալական պայմանների բարելավմանը, մարզում աղքատության ցուցանիշի նվազեցմանը, տնային տնտեսությունների եկամուտների աճին և կենսամակարդակի բարձրացմանը: