«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագիր» (ENPARD)

«Բի էս Սի»-ն շարունակում է աջակցել գյուղատնտեսական կոոպերատիվներին, այս անգամ` հնդկացորենի և այլ ոչ ավանդական մշակաբույսերի և հատապտուղների արտադրության խթանման նպատակով:

 

Իրականացնելով նման ծրագրեր` «Բի էս Սի»-ն նպաստում է Հայաստանում ավանդականից արդյունաբերական գյուղատնտեսության անցմանը, այսինքն` բիզնես հիմքերով գյուղատնտեսական գործունեության զարգացմանը, ինչի արդյունքում Հայաստանի տարբեր համայնքներում ապրող գյուղացիները հնարավորություն են ունենում վաստակել իրենց եկամուտը և, ստեղծելով նոր աշխատատեղեր, նպաստել համայնքի տնային տնտեսություններում եկամուտի ավելացմանը:

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ENPARD-ի («Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագիր») «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության շրջանակներում «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Ավենյու Քոնսալթինգ գրուպ»-ը Հայաստանի Արագածոտն, Վայոց ձոր, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ և Լոռի մարզերի 110 ֆերմերների համար իրականացրել են արտադրող խմբերի բիզնես կարողությունների զարգացման դասընթացներ և մատուցել են բիզնես նախագծերի մշակման ծառայություններ:

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել արժեշղթա Հայաստանում ոչ ավանդական մշակաբույսի և հատապտուղների արտադրության համար, ինչի նպատակով վերոնշյալ մարզերում ստեղծվելու են գյուղատնտեսական կոոպերատիվներ: «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և «Ավենյու Քոնսալթինգ գրուպ»-ի կողմից իրականացվող յուրաքանչյուր դասընթացի տևողությունը կազմել է երկու օր, որի նպատակն է եղել զարգացնել մասնակիցների բիզնես և կառավարման հմտությունները: Երկրորդ փուլի շրջանակներում «Բի էս Սի»-ն և «Ավենյու Քոնսալթինգ գրուպ»-ը մասնակիցներին աջակցել են բիզնես նախագծերի մշակման գործընթացում: Ընտրված մասնակիցները ներկայացրել են իրենց բիզնես նախագծերը ծրագրի ղեկավարներին: ENPARD-ի շրջանակներում բոլոր 40 արտադրող խմբերն իրենց արտադրությունն սկսելու համար կստանան սերմեր ու թունաքիմիկատներ: Նրանք աջակցություն կստանան գյուղատնտեսական կոոպերատիվը գրանցելու, գործողությունները համակարգելու, ինչպես նաև արտադրությունն սկսելու համար միջոցներ ստանալու հարցում:

 

Ըստ «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանի` տվյալ ծրագիրը հնարավորություն է ստեղծում խթանել Հայաստանում ներքին արտադրությունը, նպաստել ձեռներեցության զարգացմանը, ստեղծել նոր աշխատատեղեր և ամենակարևորը` նպաստել ֆերմերների պոտենցիալի զարգացմանն ու իրականացմանն իրենց հարազատ հողի վրա: