Լուծումներ նորարար տեխնոլոգիաների ոլորտում

Մեր օրերում բիզնեսի արդյունավետության բարձրացման, կատարողականի բարելավման, ռեսուրսների խնայողության, շահութաբերության աճին նպաստող կարևորագույն գործոններից է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: «Բի Էս Սի»-ն համարում է, որ հաջողության գրավականներից մեկը շուկայական արագ փոփոխություններին համընթաց զարգացումն ու ինտեգրումն է: Սեփական փորձով մենք համոզվել ենք, որ նորարար մոտեցումների կիրառումը ապահովում է անընդմեջ աճ և դառնում հաջողության գրավականներից մեկը:

 

«Բի Էս Սի»-ն գտնում է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն ունի զարգացման հզոր ներուժ, այդ իսկ պատճառով հորդորում է իր հաճախորդներին կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաներ: Նորարար տեխնոլոգիաների ոլորտում կառավարման խորհրդատվության ծառայություններ մատուցելով` մենք ձգտում ենք նպաստել տվյալ ոլորտի զարգացմանը և ՏՏ ընկերությունների գործունեության ընդլայնմանը Հայաստանում և արտերկրում: Վերոնշյալ նպատակներին հասնելու համար «Բի Էս Սի»-ն առաջարկում է ՏՏ ոլորտի ընկերությունների համար գործընկերների որոնում արտասահմանում, ֆոնդերի, ներդրումների ներգրավում Հայաստանի նորարար տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների և անհատների համար, ինչպես նաև մատուցում է ՏՏ ոլորտի ընկերությունների կարիքներին ադապտացված կառավարման խորհրդատվության ծառայություններ:

 

 

Մասնավորապես` հայկական ՏՏ ընկերությունների ներկայությունը բրիտանական շուկայում ապահովելու նպատակով, «Բի Էս Սի»-ն ներկայումս իրականացնում է «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» նոր ծրագիրը` Երևանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է` հաստատել երկարաժամկետ գործարար հարաբերություններ բրիտանական բիզնեսների և հայկական ՏՏ ընկերությունների միջև:

 

«Բի Էս Սի»-ն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը մասնակցել է «ԴիջիԹեք 2016» էքսպոյին, որի ժամանակ էլ պաշտոնապես մեկնարկել է «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագիրը: Բացի այդ հոկտեմբերի 2-ին կայացել է ծրագրի պաշտոնական ներկայացումը «Բի Էս Սի»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի կողմից, որի ընթացքում ներկաներն մանրամասն ծանոթացել են ծրագրի ընթացքի, նպատակների, ծրագրին դիմելու կարգի և պայմանների հետ:

Արդյունքում ծրագրին մասնակցելու համար ընտրվել են հայկական ՏՏ ոլորտի 17 առաջատար ընկերություններ, որոնք ներկայացնելու են իրենց ծառայություններն ու լուծումները մարտի 9-10 Լոնդոնում կայանալիք B2B հանդիպումների ընթացքում: Բացի այդ բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն հանդիպել և զրուցել մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ Լոնդոնում` ոչ ֆորմալ միջավայրում` առցանց նախապես հանդիպում նշանակելով ընկերությունների հետ: Բոլոր ընտրված ընկերությունները ունեն մեծ փորձ` ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում, և կարող են առաջարկել բարձրորակ ՏՏ ոլորտի ծառայություններ և լուծումներ բրիտանական շուկայի համար` ձևավորելով վստահելի և երկարատև գործընկերային հարաբերություններ բրիտանական ընկերությունների հետ:

Վերջին տարիներին նկատվում է ՏՏ ոլորտի մասնագետների արտահոսք Հայաստանից արտասահմանում աշխատելու նպատակով: Մյուս կողմից` ավելացել է ՏՏ ոլորտում գործող ընկերությունների թիվը, ինչի արդյունքում շուկայում մարդկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկին, և ստեղծվում է մեծ կախվածություն բարձր որակավորում ունեցող մասնագետներից: Ընկերությունները ստիպված են ապահովելու այնպիսի պայմաններ, որպեսզի կարողանան ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների և պահել իրենց ընկերություններում: Նմանատիպ այլ ռիսկեր ունեցող ոլորտ բավականին արագ տեմպերով է աճում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում: Այդ իսկ պատճառով «Բի Էս Սի»-ն աջակցում է իր հաճախորդներին նոր շուկաների գրավման և արտասահմանյան հաճախորդների ներգրավման հարցում: Վերջին շրջանում հաջողված օրինակներից է «Վoլo» ընկերության հետ համագործակցությունը, որի շնորհիվ «Վoլo»-ն երկարաժամկետ պայմանագիր է կնքել Կանադայում գործող ընկերության հետ:

 

«Բի Էս Սի»-ի կարևորագույն նպատակներից է նաև նպաստել տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների կողմից նորարար տեխնոլոգիաների կիրառմանը: «Բի Էս Սի»-ն աջակցում է ընկերություններին նորարար տեխնոլոգիաների կիրառման, բիզնես գործընթացների ադապտացման, աշխատակիցների վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով` նպաստելով տվյալ ընկերությունների կատարողականի բարելավմանը և գործընթացների ավտոմատացմանը:

 

«Բի Էս Սի»-ն ձգտում է իր գործունեությամբ նպաստելու ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ հավատում է, որ Հայաստանի մասնագետների ներուժն արժանի է բարձր գնահատականի ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում: