Ինչի՞ն ենք հավատում
Ռազմավարություն, որով ուղղորդվում ենք

Մեր հաճախորդների և գործընկերների կողմից հաճախ տրվող հարցերից է՝ արդյո՞ք հնարավոր է հասնել հաջողության` առանց ռազմավարության: Այս հարցին պատասխանելու համար փորձենք «Բի Էս Սի»-ի օրինակով ներկայացնել ցանկացած ընկերության ռազմավարության անկապտելի մաս կազմող տեսլականի, առաքելության և արժեքների ստեղծման ու աշխատանքային բոլոր գործընթացներում դրանց հետևելու կարևորությունը:

Իր սեփական օրինակով «Բի Էս Սի»-ն համոզվել է, որ տեսլականի, առաքելության և արժեքների լավագույն արտացոլումը ստացվում է ընկերության աշխատակիցների համատեղ թիմային աշխատանքի, քննարկումների արդյունքում, քանի որ «Բի Էս Սի»-ն խորապես համոզված է, որ ընկերության տեսլականը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ աշխատակիցները ձգտում և հավատում են, որ միացյալ ուժերով կարող են հասնել ցանկալի արդյունքներին:

Տեսլական, որին հավատում ենք

«Բի Էս Սի»-ի նախորդ ռազմավարությունը, որը կոչվում էր ««Բի Էս Սի»-20»՝ ի պատիվ ընկերության 20-ամյակի, նախատեսված էր 2010-2014թթ. համար: Այս ռազմավարության առանցքը մասնավոր հատվածում, հանրային և հասարակական ոլորտներում մրցունակ, սոցիալապես պատասխանատու, ազնիվ և կենսունակ գործունեության ծավալումն էր: 22 տարիների ընթացքում ընկերությունը հաղթահարել է մի շարք խոչընդոտներ, սակայն ապահովել է շարունակական զարգացում ինչպես իր գործունեության, այնպես էլ իր հաճախորդների և գործընկերների աջակցության հարցերում:

Ներկայումս թե՛ միջազգային, թե՛ հայկական տնտեսությունները գտնվում են դինամիկ փոփոխությունների փուլում: Տեղեկատվական մեծ հոսքի, նոր մրցակիցների ի հայտ գալու և տնտեսական արագ փոփոխությունների արդյունքում կազմակերպությունները հստակ ռազմավարություն ունենալու կարիք ունեն` միջազգային ու ներքին շուկաներում մրցունակությունն ապահովելու նպատակով: Այդ իսկ պատճառով «Բի Էս Սի»-ն իր նոր ռազմավարությունը մշակելիս մեծ դեր և նշանակություն է հատկացրել նորարարական գաղափարներին, հաճախորդների պահանջներին, շուկայական միտումներին և միջազգային փորձին: ««Բի Էս Սի»-2020» անվանումը կրող (2015-2020թթ. համար) նոր ռազմավարության մշակման գործում ներգրավվել է ընկերության ողջ անձնակազմը՝ փորձելով կիրառել կուտակված ամբողջ փորձն ու գիտելիքները, ինչպես նաև ներդնել ստեղծարար ոգի, ձևակերպելու համար ընկերությանն ուղղորդող այն տեսլականը, որը թե՛ հաճախորդների, թե՛ աշխատակիցների համար հանդիսանալու է և՛ շուկայի պահանջները, և՛ պատկերացումներն արտահայտող ուղեցույց:

 

Հանդիպումների, քննարկումների, սեմինարների արդյունքում «Բի Էս Սի» ընկերության նոր տեսլականը ստացավ հետևյալ ձևակերպումը.

 

Մենք ձգտում ենք ստեղծելու դինամիկ և կարծրատիպերից զերծ բիզնես միջավայր` ոգեշնչված նորարարությամբ և անսպառ ձեռնարկատիրական ոգով:

Առաքելություն, որին հետևում ենք

Յուրաքանչյուր ընկերություն պետք է հստակ իմանա, թե որն է իր դերն ու առաքելությունը: «Բի Էս Սի»-ն` որպես Հայաստանում գործող առաջին խորհրդատվական ընկերություն, երկրում կառավարման խորհրդատվության ոլորտի հիմնադիրներից մեկն է և տվյալ ոլորտի մշտական զարգացումն ապահովող կազմակերպություն:

«Բի Էս Սի»-ն մշտապես իր հաճախորդների կողքին է՝ որպես գործընկեր, խորհրդատու և աջակից: Երկար տարիների աշխատանքի արդյունքում ընկերությունը եկել է այն եզրակացության, որ փորձը, կուտակված գիտելիքները, ինչպես նաև կայուն դիրքը շուկայում թույլ են տալիս ընդլայնելու գործունեությունը և անցնելու այն սահմանները, որոնք ժամանակին թվում էին անհասանելի: Շարունակական աշխատանքի արդյունքում «Բի Էս Սի»-ին հաջողվել է ապահովել այնպիսի աճ, որը թույլ տվեց գերազանցել սահմանված նպատակները և չափանիշները: Մեր նպատակամղվածությունը, դժվարություններից չվախենալն ու առաջ գնալու ձգտումն արտացոլվեցին «Բի Էս Սի»-ի նոր առաքելության մեջ.

 

Տեսնե՛լ սահմաններից այն կողմ, հաղթահարե՛լ խոչընդոտները և հավատա՛լ հնարավորություններին, բացահայտե՛լ թաքնված ներուժը և մշտապես ձգտե՛լ գերազանցության:

 

Այն լիովին արտացոլում է «Բի Էս Սի»-ի անձնակազմի ներքին զգացողությունն ու ներուժը, որն ուղեկցում է նրանց` սահմանված նպատակներին հասնելու համար:

Արժեքներ, որոնք կիսում ենք

Առողջ գործունեություն հնարավոր է ծավալել միայն այն դեպքում, եթե ընկերության բոլոր աշխատակիցները գործում են, մտածում են նույն կերպ, կիսում են նույն կազմակերպական մշակույթը և արժեքները: Ինչպես յուրաքանչյուր անձ ունի իր կյանքի արժեքներն ու սկզբունքները, այնպես էլ «Բի Էս Սի»-ն ունի շուկայում գործելու իր արժեքները, որոնք կիսում է ինչպես իր աշխատակիցների, այնպես էլ հաճախորդների և գործընկերների հետ: Ընկերությունը գտնում է, որ բավարար չէ մատուցել որակյալ ծառայություններ և բավարարել հաճախորդների սպասելիքները, այլ հարկավոր է գերազանցել դրանք: Կառավարման խորհրդատուն պետք է կարողանա զարմացնել հաճախորդին, անընդմեջ զբաղվել ինքնակրթությամբ և գտնել տվյալ ընկերության համար նորարար լուծումներ:

«Բի Էս Սի»-ն կարևորում է իր աշխատակիցների ներդրումն ընկերության զարգացման գործընթացում և համարում է, որ իր հաջողության գրավականն ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս աշխատակիցներն են: Այդ իսկ պատճառով «Բի Էս Սի»-ի կարևորագույն սկզբունքներից մեկը թիմային աշխատանքի խթանումն է, որի արդյունքում ծնվում են ամենաստեղծարար գաղափարները:

Կառավարման խորհրդատուն պետք է քայլի շուկայի միտումներին զուգընթաց, լինի բոլորից մեկ քայլ առաջ, հանդիսանա նորարարություն և ստեղծարարություն կրող և առաջ տանող մասնագետ, և, անշուշտ, պետք է շարունակաբար կատարելագործի մասնագիտական գիտելիքները և հմտությունները:

 

Ահա թե ինչու «Բի Էս Սի»-ն իր գործընկերների և հաճախորդների հետ աշխատանքում, ինչպես նաև իր աշխատակիցների նկատմամբ կիրառում է հետևյալ սկզբունքները.

 

Գերազանցել հաճախորդների և գործընկերների բոլոր ակնկալիքներն ու կարիքները

Ապահովել վստահելի, բաց և թափանցիկ աշխատանքային հարաբերություններ

Պահպանել բարձրակարգ ու անաչառ աշխատանքային էթիկա

Խթանել թիմային աշխատանքի ոգին և խրախուսել ստեղծագործ միտքը

Ամենուրեք կիրառել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և գործիքներ

Շարունակաբար ապահովել մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործում

 

Ընկերության տեսլականը, առաքելությունը և արժեքները պետք է բխեն ընկերության ներքին տիրույթից` ընդգծելով վերջինիս առանձնահատկությունը, միևնույն ժամանակ համապատասխանելով հաճախորդի սպասելիքներին. չէ՞ որ այն ամենը, ինչ մենք՝ խորհրդատուներս, անում ենք, ունի մեկ նպատակ՝ հեշտացնել մեր հաճախորդի կյանքը: