Clarification

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնած և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից իրականացվող «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթն այս տարի անցկացվեց առաջին անգամ: Եվ չնայած առաջինը լինելուն՝ մեծագույն ոգևորությամբ ընդունվեց Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների կողմից՝ ստանալով աննախադեպ մեծ թվով հայտեր:

 

Մրցույթի կազմակերպչական և քվեարկության փուլի հետ կապված կարևոր ենք համարում ընդգծել մի քանի հանգամանք:

 

«Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» ծրագրի ծառայությունների մատուցման պարտավորությունը, ըստ պայմանագրի, ստանձնել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊԸ-ն: Համաձայն որի հանձնաժողովի կազմի ձևավորումը, եզրափակիչ փուլի և մրցանակաբաշխության արարողության կազմակերպումը, հաղթողներին դրամաշնորհի տրամադրումը ստանձնում է ընկերությունը։

 

Մրցույթի հանձնաժողովի աշխատանքներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից ներգրավել են ոլորտի ներկայացուցիչներ՝ միություններից, գիտական և բիզնես ոլորտից: Ստացվել է նրանցից 7-ի դրական պատասխանը, ինչի արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի կազմը: Արդյունքում՝ գնահատող հանձնաժողովը կազմավորվել է Հայաստանի ՏՏ ոլորտի 7 անկախ ու փորձառու մասնագետներից, որոնք էլ իրականացրել են հայտերի գնահատումը: Հանձնաժողովի անդամներն իրենց հեղինակությամբ, գիտելիքներով և փորձով ապահովել են մրցույթի անաչառությունը ու օբյեկտիվությունը:

 

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի մասնագետների մեծ մասը ճանաչում են իրար, հանձնաժողովի հենց առաջին նիստի ընթացքում քննարկվել է շահերի բախման հարցը: Որոշում է կայացվել ակնհայտ շահերի բախման դեպքում հարցը դնել միաձայն (կոնսեսուսի) քվեարկության, ինչը և ապահովվել է մրցույթի ամբողջ ընթացքում:

 

Նշենք, որ մրցույթի առաջին փուլին ստացված 244 հայտերի դիտարկումն անկախ հանձնաժողովի անդամներն իրականացրել են առանձին-առանձին, նրանց գնահատականների հիման վրա ձևավորվել է միջինացված գնահատական, և առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներն անցել են մրցույթի երկրորդ փուլ:

 

Նախարարությունը բարձր է գնահատում յուրաքանչյուր մասնակցի և հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կառուցողական քննադատությունն ու առաջարկը, որոնք հաշվի կառնվեն հաջորդ մրցույթների իրականացման ընթացքում։

 

Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի բոլոր դիմորդներին՝ ակտիվ մասնակցության համար, առաջարկում հետագայում ևս մասնակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին: Մենք հավատում ենք, որ Հայաստանն ունի մեծ ներուժ՝ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում ունենալու իր տեղը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստ է կիսել ձեզ հետ ստարտափ հիմնելու ռիսկը՝ ձեր նորարարական գաղափարների իրականացման համար տրամադրելով դրամաշնորհներ: Առաջիկայում նմանատիպ այլ մրցույթներ ևս լինելու են. միայն 2020թ. դրամաշնորհային մրցույթների համար կտրամադրվի շուրջ 1 միլիարդ դրամ: